Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այսօր շատ մեծ ուրախությամբ հայտարարում են, թե ադրբեջանցի ոստիկանները Գորիսում հայկական մեքենաները չեն կանգնեցնում: Ձեզ եւ մեզ՝ մեծ ավետիս»

Սեպտեմբեր 15,2021 16:18

«Հիմա պետք է պրագմատիկ լինել, նայել սթափ, հայրենասիրական եւ պարտվողական ավելորդ հուզականությունը դնել մի կողմ, սթափ նայել իրողություններին ու տեսնել, թե իրականում Հայաստանի հետ ինչ է կատարվում»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը:

«Ադրբեջանի նախագահը իր երկրի ղեկավարն է, իր երկրի շահերից ելնելով՝ հստակ գործողություններ է իրականացնում, որի դիմաց որեւէ դիմադրություն գոյություն չունի: Այդ մարդը ասել էր, թե Սյունիքը իր պատմական հայրենիքն է, որ պետք է Սյունիքի տարածքով ունենան հուսալի կապ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ եւ դրանից հետո իրենց հայրենակիցները պետք է գան այնտեղ ապրելու, որովհետեւ դա իրենց պատմական հայրենիքն է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Սյունիքին, այլեւ Վարդենիսին, հասնում է Սեւան, Երեւան: Ասել է չէ՞: Իսկ նրան խանգարող կա՞:

Հայաստանի Հանրապետությունում հիմա ուզում են տոնեն անկախության 30-ամյակը: Որպես այդպիսին, դա իներցիոն իմաստով շարունակվող երեւույթ է: Փաստացի, Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի: Պետության թիվ մեկ ատրիբուտը անվտանգության ապահովումն է: Եթե Հայաստանի երկու քաղաքները իրար կապող միջպետական նշանակության ավտոճանապարհը փակվում է երկու օր եւ ընդհանրապես որեւէ երթեւեկություն չի արվում ու դա չբացելու հետ կապված բացատրությունն այն է, թե ռուս գեներալ Մուրադովը արձակուրդում է եւ վերադառնալու է սեպտեմբերի 1-ին, դրանից հետո խոսել, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի, որ պետությունն ունի վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար, պառլամենտ, ուրիշ պաշտոնյաներ, ոստիկաններ եւ այլն, այդպիսի խոսակցություններ վարելը անիմաստ է: Ո՞ւմ են պետք այդ մարդիկ, ինչի՞ համար են բոլոր այդ ինստիտուտները, պաշտոնյաները: Իրենց ֆունկցիոնալ խնդիրները լուծելու: Եվ եթե դրանք չեն կարողանում Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել մարզկենտրոնի եւ մարզի մի քանի քաղաքների ուղղակի ֆիզիկական հաղորդակցությունը, ի՞նչ պետության մասին ենք մենք խոսում:

Տեսեք, հիմա գործընթացը հանգիստ շարունակվում է: Սկզբից ճանապարհը վերցրեցին վերահսկողության տակ, հետո բերեցին, դրեցին սահմանապահ զորքերի անցակետ՝ իբրեւ սահման են վերահսկում: Հիմա արդեն դրել են ոստիկանական անցակետ: Պարզ է չէ՞, որ այդ անցակետը եթե այսօր ստուգում է պարսկական մեքենաները, դա նշանակում է, որ վաղը ստուգելու է նաեւ հայկական մեքենաները:

Այսօր շատ մեծ ուրախությամբ հայտարարում են՝ մամուլում այդպիսի վերնագրեր կան, թե ադրբեջանցի ոստիկանները Գորիսում հայկական մեքենաները չեն կանգնեցնում: Ձեզ եւ մեզ՝ մեծ ավետիս: «Մեծ ձեռքբերում» է դարձել , որ այսօր Հայաստանի տարածքում ադրբեջանցի ոստիկանները չեն կանգնեցնում հայկական մեքենաները: Առայժմ չեն կանգնեցնում»,-ահազանգեց դեսպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930