Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհավատաք, որ այս պահին բանակում բարեփոխումներ հնարավոր են. բանակը վերջնականապես ոչնչացնելու են». Վլադիմիր Պողոսյան

Սեպտեմբեր 15,2021 16:10

«Չհավատաք, որ այս պահին ինչ-որ բարեփոխումներ հնարավոր են»,-Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում բանակում իրականացվող բարեփոխումները, օրինակ՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին հայտարարությունները, այսպես պատասխանեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը:

Ըստ նրա՝ պետք է տնտեսական գծով բարեփոխումներ սկսել: Այս առիթով մանրամասնեց. «Եթե տնտեսությունը չի զարգանում, չես կարող բարեփոխումներ անել բանակում: Նախևառաջ, պրոֆեսիոնալ բանակը պահանջում է երկու-երեք անգամ ավելի գումար, քան ժամկետային ծառայողներով բանակը: Դա նշանակում է՝ բանակի քիչ քանակ, բայց հարուստ բանակ ու մասնագետներ, որոնց կարող ես մատով հաշվել»:

Վլադիմիր Պողոսյանը ցավով նշեց՝ այդպիսի շատ քիչ մասնագետներ ունենք, վերլուծական կենտրոններ, հակապայքար կենտրոններ չունենք, չկան մասնագետներ, որ հասկանում են՝ ինչ է հիբրիդային պատերազմը:

Նա վստահեցրեց՝ մինչ 44-օրյա պատերազմը այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին առաջարկել է ստեղծել հիբրիդային պատերազմի հետ կապված ազգային կենտրոն:

Բայց մյուս կողմից Վլադիմիր Պողոսյանը կարծիք հայտնեց՝ եթե երկրի տնտեսությունը ջարդված վիճակում է, ի՞նչ միջոցներով պիտի գնես ուժեղ տեխնիկա: Նա շարունակեց. «Ասում են՝ ռուսները մեզ վարկ են տալիս երկու հարյուր միլիոն: Դա ի՞նչ է. մեզ նվազագույնը միլիարդ ու կես պետք է, եթե ուզում ենք բարեփոխումներ անել: Ես բարեփոխումներին չեմ հավատում, նախևառաջ մասնագետներ համարյա թե չկան, երկրորդը տնտեսությունը զարգացած չէ: Մի խոսք կա՝ ինչքան էլ հալվա ասես, մեկ է, բերանում քաղցր չի լինում»:

Վլադիմիր Պողոսյանը ՀՀ վարչապետին ու ԳՇ պետին հարց է տալիս՝ ի՞նչ միջոցներ ունեք բարեփոխումներ անելու ու ահազանգում. «Հիմա ինչ անում են, բանակը վերջնականապես ոչնչացնելու են: Եթե այսպես շարունակելու են, բանակից բան չի մնալու»:

Հետաքրքրվեցինք՝ բանակում իրականացվող բարեփոխումների հետ կապված իրենց հետ խորհրդակցե՞լ են, կարծիք հարցրե՞լ են, նա պատասխանեց. «Ո՞ւմ հետ խորհրդակցեն: Նրանք բոլորը մասնագետներ են, նրանց մասնագետ պետք չէ: Նախևառաջ, մեր պետությունում չեն հասկանում նախարարի կամ վարչապետի խորհրդականն, օգնականն՝ ինչ է: Օրինակ՝ Շոյգուի խորհրդականը. իրեն լսում, հաճույք եք ստանում: Մեր երկրում այդպիսի շատ քիչ մարդկանց եմ ճանաչում. այդ ինստիտուտը մեզ մոտ զարգացած չէ: ՀՀ մեկ նախագահ է հասկացել՝ օգնական, խորհրդական, լավ մասնագետ, լավ թիմ ինչ է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրանից հետո երբեք ոչ մի նախագահ նորմալ խորհրդական, օգնական չի ունեցել: Համակարգն է այդպիսին: Մինչդեռ մարդիկ, որ կանգնած են նախագահի կամ վարչապետի կողքին, նրանից տասը գլուխ պիտի բարձր լինեն, ոչ թե հավասար կամ ցածր: Այդպիսի մարդիկ կան ՀՀ-ում, ՌԴ-ում, արտասահմանում, մենք նրանց հիմա պետք է հրավիրենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930