ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների լուծման համար:
Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:
«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Կարդացեք նաև
Պաշտպանը անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարևորությանը և նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն, համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն, խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովային արդյունավետ համագործակցության համար: Պաշտպանն ընդգծել է նաև ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին:
Մարդու իրավունքների պաշտպան