Վազգեն Սարգսյանին քննադատողներին ի՞նչ կհորդորեք եւ ի՞նչ եք զգում, երբ դահլիճում լսում եք, որ Վազգեն Սարգսյան են քննադատում: Այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Վազգեն Սարգսյանը եւ մնացած բոլոր զորահրամանատարները, հատկապես՝ սպարապետը, ունեն անցած ճանապարհ: Իրենք արցախյան շարժման սկզբնական փուլից կարողացել են համախմբել մեր ժողովրդին ու իրենց ընկերներին՝ այնպիսին, ինչպիսին ՀՀ նախագահներն են, նաեւ մեր դաշինքի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը, եւ առաջին ազատամարտում պատերազմ տանել: Նրանց գործունեության արդյունքում Հայաստան-Արցախ անվտանգային եւ տնտեսական համակարգի ձեւավորումն էր: Հայաստանը մեկ անվտանգային գործոն է Արցախի հետ, այլ՝ շատ թույլ անվտանգային գործոն է առանց Արցախի, ինչպես տեսնում եք: Գնահատականներ տալ ոչ միայն սպարապետի, այլեւ այլ անձանց գործունեությանը, պետք է երկար մտածել, հավասարակշիռ խոսք ձեւավորել, հետո քննադատել մարդկանց, որոնք ունեն գործի արդյունք»:
Հիշեցնենք, որ մասնավորապես, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել էր․ «Հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը․ես պետք է չտարբերեմ։ Վազգեն Սարգսյանը, հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգն ի՞նչ գործ ունի՝ կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ ա նա…..»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ