Օրերս ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստին մեջբերեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցազրույցից մի հատված ու սուտ որակեց նրա հայտարարությունները: Օհանյանն ասել էր. «Միայն տեսնեիք, թե ովքեր էին ապրիլյան հանձնաժողովի անդամները, զինվորականության կողմից ներգրաված փորձագետները, նրանք այն մարդիկ էին, որոնց ես բանակից հեռացրել էի»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Սուտ համար մեկ՝ ինքը չի հեռացրել նրանց: Արամ Տեր-Սահակյանը թոշակի է գնացել, Վահան Ավետիսյանը դուրս է եկել բանակից 2017-ին, իսկ Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանը հանել է 2016-ին: Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը պարոն Օհանյանն ասում է՝ վատն էր, հանձնաժողովի անդամները վատն էին ու ասում է՝ ես չեմ կարդացել: Բայց 5 ժամ այդ հանձնաժողովի անդամների հարցերին ինքը պատասխանել է: Վատն էր՝ դուռը շրխկացնեիր դուրս գայիր»:
Այսօր այս առնչությամբ Սեյրան Օհանյանից պարզաբանում խնդրեցինք: Նա պատասխանեց. «Ես հարցազրույցների ժամանակ հետեւյալ թեզն եմ պաշտպանել՝ ես չէի ստեղծի այդ հանձնաժողովը, որովհետեւ ՊՆ-ն ստեղծել էր ներքին հանձնաժողով ու ինքն իրեն չէր խնայել՝ թերությունները բացահայտելու համար: Ապրիլյան հանձնաժողովին ես գնացել մասնակցել եմ ու պատասխանել եմ համապատասխան հարցերին: Ես ասել եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնց ես ազատել եմ պաշտոնից: Եվ ովքե՞ր են քննիչ հանձնաժողովի անդամներն ամբողջությամբ, մասնագետներ չեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ