Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում Խորհրդային միության քարտեզ… Իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանագծումից հետո անցնում են ադրբեջանցիներին». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 15,2021 14:54

«Այս իշխանությունների մոտ որոշումների ընդունման արագությունը, իրադրության արագ գնահատումը, որոշումներն ընդունելը միշտ էլ կաղացել է եւ այսօր էլ կաղում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր էլ չի կայանա ԱԱԾ տնօրենի եւ ՊՆ նախարարի մասնակցությամբ Որոտանի հատվածում առաջացած խնդրի հարցով փակ քննարկումը:

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում:

Այդ մասին ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ ադրբեջանական տեղանունով էր նշված Որոտանի հատվածը՝ Էյվազլի, բացի այդ, Նիկոլ Փաշինյանն էլ էր ադրբեջանական տեղանուն օգտագործել կառավարության նիստում: Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ, դրա մեջ կարող է թաքնված պահ լինել: Իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից, սահմանագծումից հետո անցնում են ադրբեջանցիներին: Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի, եւ ինչ իրադրության գնահատման արդյունքում պետք է իրականացվի՝ ես չեմ հասկանում: Իշխանությունները անընդհատ ադրբեջանական տեղանունները ներկայացնում են հանրությանը: Ի հակառակ դրան, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեր հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել: Սա ճնշման շարունակությունն է Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ: Իհարկե, պատերազմում կրած պարտությունից հետո այս ճնշումները սադրանքները միշտ էլ շարունակական են լինելու»:

Հարցրեցինք՝ հայկական կողմը հատո՞ւկ է դա անում, որպեսզի հանրությանը պատրաստի այդ տարածքները հանձնելո՞ւն՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հայկական կողմի առաջին դեմքերը որ գային քննարկումներին՝ մենք կհարցնեինք, կհասկանայինք: Բայց թվում է՝ հատուկ է արվում»:

ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ ըստ Սովետական միության քարտեզների, այդ հատվածը, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի կազմում: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կողմերը պատերազմի ավարտից հետո պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մնացել էին. «Պետք է հանձնվեին համապատասխան տարածքները նաեւ Արցախից՝ Քաշաթաղ, Քարվաճառ, Ակնա եւ Հարավային գոտում ընկած շրջաններից, սա հասկանալի է: Բայց մյուս կողմից անհասկանալի է, որ այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հետագա խաղաղության պայմանագրի կնքումից հետո իրական սահմանազատման եւ սահմանագծման անցնելու ժամանակ խնդիրներ են առաջանալու, առանց կրակոցի հանձնել ադրբեջանցիներին՝ սա մեզ համար անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում Խորհրդային միության քարտեզ, որտե՞ղ են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել: Որեւէ մեկը պարզ կերպով հանրությանն այսօր չի ներկայացնում: Մենք ունենք բազմաթիվ պատմաբաններ, իրավագետներ, որոնց համար պատմական իրավագրությունը անչափ կարեւոր են: Շատերն ապացուցում են, որ այդ տարածքները եղել են պատմական Հայաստան ու Խորհրդային միության ժամանակ այսպիսի ճնշումների պարագայում անցել են ադրբեջանցիներին: Պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է: Այնտեղ, որտեղ առանց որեւէ հենքի, իրավական փաստաթղթի դիրքերն անցել են ադրբեջանցիներին, եթե հետագայում սահմանազատման, սահմանագծման աշխատանքներից հետո հասկանանք, որ դա հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել: Նկատի ունեմ ռազմավարական բարձունքները, Գորիս-Կապան ճանապարհի հատվածները, որտեղ ադրբեջանցիներն արդեն այսօր ոստիկանական հենակետեր են տեղադրել, որոնք լուրջ խնդիրներ են առաջացել ոչ միայն անվտանգային, այլեւ տնտեսական առումով»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իրանական բեռնատարները ստուգվում են հայկական մաքսակետում, այնուհետեւ՝ ադրբեջանցիների մոտ ու դրանց կանգնեցնելու, ստուգման պահին բավականին կուտակումներ են լինում: Բեռնափոխադրող մեծ մեքենաները ծավալով մեծ են ու կանգնելու դեպքում խափանվում է ճանապարհի բնականոն շահագործման ընթացքը. «Դիտարկվում են նոր շինարարական աշխատանքներ ճանապարհի այլ հատվածներում ու այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ոստիկանական հենակետեր են, կուտակումներ կան»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ այ ճանապարհահատվածը մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, որովհետեւ ցանկացած պահի կարող են լինել սադրանքներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930