«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի առաջին անգամ իրականացվեց հիբրիդային ձեւաչափով` երկու փուլով: Առաջին փուլը օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ը` օֆլայն տարբերակով 41 օր, եւ երկրորդ փուլը սեպտեմբերի 3-7-ը առցանց ձեւաչափով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում խոսելով փառատոնի արդյունքների մասին նշեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:
Նրա ձեւակերպմամբ, ընդհանուր 46 ռեկորդային, մարաթոնային օր է տեւել փառատոնը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ:
«Փառատոնի նպատակն է շարունակել միջոցառումների ապակենտրոնացումը Երեւանից դեպի ՀՀ մարզեր ` հատկապես սահմանամերձ մարզեր եւ Արցախ, ստեղծել նպաստավոր պայմաններ, օգտագործելով փառատոնը` որպես կայուն եւ վստահելի միջազգային հարթակ երեխաների, պատանիների եւ երիտասարդների համար»,-ասաց տիկին Մանուկյանը: Նաեւ ընդգծեց, որ փառատոնի միջոցով փորձել են մեղմել պատերազմից հետո ստեղծված բարոյահոգեբանական վիճակը:
Փառատոնի շրջանակում իրականացվել են նաեւ ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, փառատոնին մասնակցել են խոցելի խմբերի երեխաներն ու մանկատների սաները, սահմանամերձ շրջաններում Արցախից ապաստանած մանուկները: Ցուցադրվել է 25 ֆիլմ` 13 երկրից:
Կարդացեք նաև
Փառատոնի շրջանակում իրականացվել է 3 ֆիլմի պրեմիերա, շարունակվել են նախորդ տարիների լավագույն ծրագրերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ