Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործի հետ կապ չունեցող խնդիրներ են քննարկվում». Սեդա Սաֆարյանը նկատողություն ստացավ եւ լքեց դատարանի դահլիճը

Սեպտեմբեր 15,2021 13:53

Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:

Տուժողի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին դատավորը նկատողություն հայտարարեց: Վերջինիս դուր չեկավ պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթը եւ նա տեղից սկսեց դիտողություն անել պաշտպանին: Պաշտպանը մանրամասն հիմնավորում էր, թե ինչո՞ւ է անհասկանալի դատախազների բողոքի այն դրույթը, թե առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու պատճառով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործը կարճել, ոչ իրավաչափ, քանի որ տվյալ նիստին Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն մասնակցել: Սեդա Սաֆարյանը գտնում է, որ պաշտպանի ներկայացրածը քննվող հարցի հետ առնչություն չունի:

«Իրան իրավաբանի տեղ է դրել, մեզ էլ… »,- ասաց Սեդա Սաֆարյանը, ապա բանավեճի մեջ մտավ դատարանի հետ՝ դատարանին մեղադրելով, թե միայն տուժողի նկատմամբ է կարողանում սանկցիա կիրառել. «Կարողանայիք, էս օրին կլինե՞ր էս գործը»: Դատավորը նախատեց Սեդա Սաֆարյանին՝ հիշեցնելով, որ երբ իր ելույթի ժամանակ ինքը մեղադրական եզրակացությունն էր ընթերցում, որը նույնպես գործի հետ կապ չուներ, պաշտպանները նրան չէին ընդհատում եւ պահանջեց հարգալից լինել դատարանի նկատմամբ:

Իսկ պաշտպան Հովհաննես Խուդոյանի ելույթի ժամանակ Սեդա Սաֆարյանը հեռացավ դատարանի դահլիճից՝ հայտարարելով. «Այստեղ իրավաբանության հետ կապ չունեցող խնդիրներ են քննարկվում, մարտի 1-ի գործի հետ կապ չունեցող, իմաստ չունի»: Նա ասաց, որ պաշտպանների բողոքի հետ կապված էլ չի ցանկանում դիրքորոշում հայտնել:

Հիշեցնենք, պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված 2 միլիարդ դրամ գրավը կամ նվազեցնել դրա չափը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930