Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը դասական անարդարության օրինակ է. Սեդա Սաֆարյան

Սեպտեմբեր 15,2021 11:53

Վերաքննիչ դատարանում, նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:

Հիշեցնենք, օգոստոսի 30-ի նիստում փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ վերացնել գրավը կամ նվազեցնել դրա չափը. նախորդ տարվա հունիսին, դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։ Պաշտպանական կողմի միջնորդության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), ըստ որի մեղադրանքներ էին առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, հակասահմանադրական էր ճանաչել։ Այդ մասով մեղադրանքը հանվել էր, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել։

Տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանն այսօր իր ելույթում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է: Իր գնահատմամբ, քրեական հետապնդումը դադարեցնելու՝ դատարանի հիմնավորումը ապացուցում է, որ դատարանն էլ է գիտակցել, որ տվյալ նորմի սահմանադրականության խնդիրը դեռ չի նշանակում, որ հանցակազմը բացակայում է, ուստի դատարանն ընտրել է հանցագործության դեպքի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը: Դա, Սեդա Սաֆարյանի գնահատմամբ, տուժող կողմի համար ծանր հետեւանքներ է առաջացրել՝ երկու անգամ՝ 2008-ին եւ այժմ զրկելով տուժող կողմին իրենց իրավունքի պաշտպանություն իրականացնելուց:

Անդրադառնալով գործի քննությանը՝ 2008-ից ցայսօր, պաշտպանը նկատեց, որ 12 տարի մեղադրյալ են ներգրավվել անձինք, ովքեր մինչ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել: Պաշտպանը փաստում է, որ քրեական դատավարության խնդիրները չեն կարող ստորադասվել անձանց իրավունքների պաշտպանությանը եւ գերադասվել մյուս կողմի շահերից: Նման գործելաոճը Սեդա Սաֆարյանը համարում է դասական անարդարության օրինակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930