Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը մեկ տարով՝ 2021-2022 թթ., կստանձնի կազմակերպության նախագահությունը:
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ՀՀ անվտանգության համակարգի նոր սպառնալիքները՝ ՀՀ վարչապետը կներկայացնի ՀԱՊԿ գործողությունների եւ արագ արձագանքման արդյունավետության բարձրացման նոր առաջարկներ ու մեխանիզմներ: Մասնավորապես, ակնկալվում է, որ առանձին քննարկման առարկա կդառնան ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը եւ ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգը: Պայմանագրի այդ հոդվածը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրի կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը սպառնալիքի դեպքում իրականացնել համարժեք գործողություններ:
Կազմակերպությունն այս խնդրին առնչվեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի ժամանակ, երբ առկա է ուղիղ սպառնալիք մեր երկրի անվտանգությանը եւ ինքնիշխանությանը: Հայաստանի Հանրապետությունն այս հարցով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ առաջարկելով կազմակերպության առկա գործիքակազմով արձագանքել մեր սահմաններին ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանները խախտելու փաստերին: Պայմանագրի այդ կետով ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ ռազմական գործողություններին, այլ նաեւ ՀԱՊԿ անդամի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Պայմանագրի ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ չկան, խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացների շրջանակներում է:
Այս խնդրին ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքն առերեսվեց Աֆղանստանի օրինակով: Վերջինիս դեպքում ՀԱՊԿ-ն արդեն իրականացնում է կանխարգելող գործողություններ՝ տաջիկաաֆղանական սահմանի մոտ համատեղ զորավարժություններ անցկացնելով եւ Տաջիկստանի զինված ուժերին նորագույն ռադիոհետախուզական ու այլ տեխնիկա հատկացնելու միջոցով:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ կետին համապատասխան՝ իրավիճակները նորություն էին այս կազմակերպության համար, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին այն լինելու է օրակարգային առաջին հարցերից մեկը: Այսօր իրենց սահմաններին ակնհայտ սպառնալիքներ են տեսնում ՀԱՊԿ մյուս անդամները՝ Բելառուսը եւ ՌԴ-ն: Միանշանակ է, որ պայմանագրի այդ կետի կարգավորման խնդիրները, արձագանքման գործողությունները հիմնարար քննարկման եւ գործնական լուծումներ նախատեսող մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն են զգում: Հայաստանն այսօր շահագրգռված է վերոնշյալ խնդրի լուծմամբ, եւ, ստանձնելով կազմակերպության նախագահությունը, այդ ուղղությամբ առաջարկությունները լիովին օրինաչափ կլինեն:
Այդ ամենի համատեքստում ցանկալի կլինի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ-ում, մասնավորապես, Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը ՀՀ սահմանների մոտ գրեթե ամենամսյա զորավարժություններ է իրականացնում:
Նման իրավիճակում մեծ կարեւորություն է ստանում նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ին նորագույն սպառազինության տրամադրումը՝ դիմակայելու կազմակերպության անդամ պետությունների սպառնալիքներին, որոնք առկա են ինչպես Աֆղանստանին հարակից տարածքներում, այնպես էլ Անդրկովկասում, Բելառուսի ու ՌԴ-ի արեւմտյան սահմաններին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում