Չկա որեւէ բանական մարդ, որի սիրտը պատերազմ ուզի եւ հարեւանների հետ վատ հարաբերություններ։ Բայց եւ չկա որեւէ բանական մարդ, որ ընդառաջ վազի հարեւանի գիրկն ընկնելու համար, երբ հարեւանն ամեն օր ոտնահարում է նրա արժանապատվությունը՝ անձի, տարածքի ու գույքի նկատմամբ ամենակոպտագույն խախտումներով՝ դեռ մեղմ ասած։ 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո եւ ցայսօր արհեստածին պետություն Ադրբեջանը, որ նույնիսկ մեր որոշ կուսակցություններից տարիքով փոքր է, իր ավագ եղբոր՝ դարձյալ մեր տարածքների վրա հիմնված Թուրքիայի հետ միասին, պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացնում։
Նախ՝ «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել» եւ վստահ է, որ կարող է, որովհետեւ «արդեն հաղթել է հայկական ֆաշիզմին»։ Հիմա էլ սոցհարթակներում հարցումներ են տանում, թե ով ինչպես է պատրաստվում հայերի հետ վարվել։ Տոկոսային հարաբերությամբ գերակշիռ մասը պատրաստվում է «բռնաբարել հայուհիներին», «սպանել հայ զինվորին» եւ այլն։ Նմանատիպ քայլերից հետո թյուրքական տարրը խոսում է հարեւանությունից ու ճանապարհների ապաշրջափակումից։ Մի կողմ թողնենք այդ տարրի մասին մեր գիտելիքները, վերլուծությունները, իմացությունը եւ զուտ հարց հնչեցնենք. ի՞նչ կարգի հարեւանություն է պետք անել քեզ ատողի հետ, ոչ թե քեզ բռնաբարելու ու սպանելու ցանկություն ունեցողի, այլ հենց քեզ բռնաբարածի, սպանածի, գլխատածի հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Հետո՝ եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում իր գործը թյուրքական տարրի հետ տնտեսական կապն է կամ՝ ավելի ստույգ՝ առեւտուրը, այդ տարրի մեկ այլ նպատակ ֆիքսենք, որ, ի դեպ, անթաքույց ասվում է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։ Հիմա՝ եթե պատմության համար ընդամենը մեկ ակնթարթ առաջ բերված ու գցված «պետությունը» քո տարածքն իրենն է համարում, ի՞նչ առուտուր պետք է անի քեզ հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Կամ՝ պե՞տք է արդյոք հավատալ այն հարեւանին, որ անարգում է քո պատմական, մշակութային ու կրոնական ժառանգությունը, կենդանի վիճակում խոշտանգում է քո գերի ընկած զինվորին, գլխատում՝ համացանցում տարածելով տեսանյութերը, ապօրինաբար ներխուժում քո իսկ ինքնիշխան տարածք… Այսպիսի հարեւանի հետ ճանապարհների ապաշրջափակումը «համագործակցությո՞ւն» է լինելու, թե՞ ընդամենը նրա՝ քո հանդեպ ցեղասպան քաղաքականության ձեւաչափի փոփոխություն։
Կարդացեք նաև
Մեր պետության տարեկան եկամուտը 3 մլրդ դոլար է, պետական պարտքը՝ 3 անգամ ավելի։ Նորմալ հարեւանի պարագայում համագործակցությունն օրինաչափ է։ Փոխարենը՝ արդյոք որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայատյաց հարեւանի դեպքում «համագործակցությունն» իրականում տնտեսական եւ, ըստ այդմ, քաղաքական բռնածավալում է լինելու Հայաստանի հանդեպ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Մեկ այլ փաստ՝ այդ հարեւան կոչվածը քո երկրի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ վիշապի պես չոքել է ջրերին ու տառացիորեն սպանում է քեզ։ Օրինակ՝ ՀՀ սահմաններից ներս, Սյունիքում, Սեւ լճի տարածքում բազմել է ու չի շարժվում՝ իմանալով, որ տարբեր բնակավայրեր (Գորիս, Տեղ, Խոզնավար, Խնածախ, Սիսիան…) սնուցվում են Սեւ լճից։ Քո ջուրը կտրողի հետ հարեւանությունն ի՞նչ կարգի է լինելու։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Մեկ ուրիշ փաստ՝ հնարավո՞ր է հարեւանություն մի տարրի հետ, որ քո իսկ լեռներից արդեն իջել ու քո բնակավայրի տարածքում ոստիկանական հենակետ է դնում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում