Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է վերջին անգամ շփվել կամ լսել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի որեւէ պարզաբանում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2021 10:19

Ո՞վ է վերջին անգամ շփվել կամ լսել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի որեւէ պարզաբանում: Նա իր պաշտոնավարման առաջին շրջանում բավականին ակտիվ աշխատում էր, եւ լրագրողներն անմիջապես տարբերությունը տեսան նրա եւ Վլադիմիր Կարապետյանի միջեւ, ով սովորություն ուներ հարց տվող լրագրողի հետ վիճաբանելու, թե այդ ի՜նչ հարցեր ես տալիս։

Սկզբնական շրջանում Մանե Գեւորգյանն անգամ հետզանգ էր կատարում եւ աշխատում էր բավարարել մեր հետաքրքրությունը, բայց անցած տարեվերջից նա իջավ խոր ընդհատակ` համալրելով մշտապես անհասանելի խոսնակների շարքը: Եվ մենք սկսեցինք շփվել մեսենջերով՝ մնալով անպատասխան: Ահա, այդ միակողմանի գրագրությունից մի հատված. 11․24․20 – «Մանե, բարեւ, ծնողների շրջանում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը գերիների հարցով ՌԴ-ից պաշտոնյայի հետ է խոսել, կա՞ նման բան։ Զանգում եմ, չեք պատասխանում»։ 01․05․2021 – «Մանե, ողջույն, մեկ-երկու հարց ունեմ, զանգում եմ», 01․05․2021- «Զանգում եմ, չեք պատասխանում, չե՞ք պատասխանելու։ Հարցնում էի՝ մենք ՀԱՊԿ-ին որեւէ բան պատասխանելո՞ւ ենք։ Խոսքը «սահմանային միջադեպեր» արտահայտության մասին է»։ Երեկ եւս «ստուգողական» զանգ արեցի՝ մի վերջին անգամ համոզվելու, որ վարչապետի խոսնակը մշտապես անհասանելի է։

Փնտրեցինք համացանցում, թե Մանե Գեւորգյանը երբ է վերջին անգամ շփվել լրագրողներից որեւէ մեկի հետ, գուցե խնդիրը «Հրապարակին» է առնչվում, եւ իր ղեկավարն ասել է` «Հրապարակին» չպատասխանես: Պարզվեց` նա անհիշելի ժամանակներից որեւէ լրատվամիջոցի պարզաբանումներ չի տալիս, հազվադեպ եւ հին մեկնաբանություն գտանք միայն «Արմենպրեսի» էջերում։ Ամենատարբեր լրատվականներում Մանե Գեւորգյանի նկարով հայտնված նյութերը բացառապես նրա ֆեյսբուքյան գրառումների վերահրապարակումներն են։ Սեպտեմբերի 8․ «Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր․․․» եւ այլն։ Սեպտեմբերի 10․ «Այսօր կայացավ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։ Նույն նյութերը կառավարության տեղեկատվության վարչությունը` հաղորդագրությունների տեսքով, զետեղում է կառավարության կայքում եւ ուղարկում ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930