Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մարքսի երազանքն իրականություն չդարձավ

Սեպտեմբեր 15,2021 10:00

19-րդ դարի ամենախոշոր մտածողներից մեկը՝ Կարլ Մարքսը, մարդկության ապագան պատկերացնում էր որպես ազատ մարդկանց ազատ ստեղծագործական աշխատանք: Չի լինի քաղաքականություն, չեն լինելու պետություններ, իշխանություններ, փողեր եւ այլն. մարդիկ ստիպված չեն լինելու վաճառել իրենց աշխատուժը սեփականատերերին՝ այդպիսով օտարելով իրենց աշխատանքի արդյունքները:  Դուք կարող եք առավոտյան որս անել, կեսօրից հետո ձուկ բռնել, երեկոյան զբաղվել անասնապահությամբ, իսկ ընթրիքից հետո գրել քննադատական հոդվածներ: Հրաշալի հեռանկար է՝ չէի հրաժարվի նման միջավայրում ապրելուց: Բայց, ցավոք, դա ուտոպիա է: Նման բան հնարավոր չէ: Մնացել են ե՛ւ պետությունները, ե՛ւ բանակները, ե՛ւ սեփականատերերը, ե՛ւ վարձու աշխատողները:

Ինչո՞ւ այդ գեղեցիկ երազանքն իրականություն չդարձավ: Ինձ թույլ կտամ ոչ ստանդարտ, պատասխան տալ, որի հետ, ենթադրում եմ, շատերը համաձայն չեն լինի: Մարդիկ իրենց բնույթով ծույլ են. նրանց մեծ մասը չի ուզում ո՛չ ձկնորսություն անել, ո՛չ էլ անասնապահությամբ զբաղվել. ցանկանում է պառկել դիվանին, թքել առաստաղին (կամ հիմա՝ թերթել ֆեյսբուքի ժապավենը) եւ սպասել, մինչեւ իրեն որեւէ մեկը թարմ խմորեղեն բերի: Պետություններն էլ իրենց հերթին (հատկապես մեծերը) նույնպես չեն ցանկանում ինքնալուծարվել. Ճիշտ հակառակը՝ երազում են նորանոր «նվաճումների» մասին: Դրանից երկուսը, օրինակ, 20-րդ դարում «քթներին ստացան» Վիետնամում եւ Աֆղանստանում, բայց դա նրանց համար ամենեւին խրատ չեղավ, ու 21-րդ դարում այդ պետությունները շարունակում են քթները խոթել այս կամ այն տարածք՝ հաճախ իրար խանգարելով:

Մարքսը նաեւ միամտորեն կարծում էր, որ քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունից հետո կվերանա նաեւ իշխանությունը: Բայց իշխանությունները ոչ միայն չեն վերացել, այլեւ պահպանել են իրենց մշտական բնույթը: Այդ թվում՝ այն իշխանությունները, որոնք իրենց «հեղափոխական» են անվանում: Ամեն ինչ սկսվում է կուրծք ծեծելուց, ժողովրդի համար «կյանք տալուց», հեծանիվով եւ մետրոյով աշխատանքի գնալուց, եւ վերջանում է ամառանոցներով, աղախիններով, ծառաներով, թիկնազորով եւ անձնական բժիշկներով: Եթե դա լիներ միայն այս իշխանության կամ միայն Հայաստանի առանձնահատկությունը, ես կհամարեի դա ինչ-որ պատահական շեղում, որը վաղ թե ուշ կարելի է շտկել: Բայց դա մարդկային պատմության դարերի ընթացքում բոլոր հեղափոխական իշխանությունների ձեւափոխման սցենարն է:

1845 թվականին կարելի էր երազել, որ պետությունները եւ իշխանությունները կվերանան: Այդ երազանքը երբեք իրականություն չի դառնա: Չնայած կոնկրետ մեր պետությունը կարող է վերանալ: Բայց դա կլինի ոչ թե մարդկության, այլ մեր երկու հարեւանների երազանքի իրագործում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունը դա անհրաժեշտություն է, ինչպես ընտանիքը, երեխան առանց ընտանիքի մանկատան երեխայի կվերածվի՝ անպաշտպան ու ժամանակից շուտ մեծացած, սա էլ դեռ լավագույն դեպքում: Մեզ ոչ միայն պետություն է պետք, այլեւ պետություններից ձեւավորված կայսրություն, որը կպաշտպանի իր պետությունների իրավունքները, ինչպես ընտանիքները կարիք ունեն Տեղական ինքնակառավարման կառույցների, որոնք կպաշտպանեն ընտանիքների իրավունքները՝ հողն ու ջուրն ու ընդերքը, տեղական ավանդույթներն ու մշակույթը: Մենք պետք է գնանք ազգային պետություններից ձեւավորված կայսրության ստեղծմամբ, որոնք կպաշտպանեն մեր պետությունները քոչվորների ամեն տեսակ ոտնձգություններից:
    Մոտակա անկախության տարելիցի մասին:
    Անկախության տարելիցը կարելի է նշել երկու ձեւով՝ մեկը ինչպես զավթիչների օկուպացված տարածքում կնշեին ստարոստան, պալիցայներն ու նրանց իշխանության տակ հայտնված խեղճուկրակ ժողովուրդը, մյուսը ինչպես քառասունմեկի նոյեմբերի յոթին կարմիր հրապարակում զինվորական շքերթով, երբ զավթիչը մայրաքաղաքի մատույցներում էր, բայց ողջ ռազմաքաղաքական հրամանատարությունը հրապարակում էր ու շնորհավորում էր շքերթին մասնակցող զորամասերին եւ սա ռադիոյով հեռարձակվում էր աշխարհով մեկ եւ մարդկության մեջ ոգի ու հավատ ներշնչում, որ հաղթելու ենք:
    Ո՞ր տարբերակն է ավելի հավանական: Մեր ռազմաքաղաքական հրամանատարությունը նմա՞ն է ստարոստային իր պալիցայներով՝ ենթարկվելով զավթիչներին, թե՞ սրբազան հայրենական պատերազմ հայտարարած ու իր ժողովրդին՝ զինվորին, գիտնականին ու երգահանին, բանվորին ու գյուղացուն ապավինած ազգին ու մարդկությանը իսկապես ոգի ու հավատ ներշնչող ռազմաքաղաքական հրամանատարությանը, որ հաղթելու ենք: Եթե հանրաքվե անցկացնենք, ժողովուրդը ո՞ր տարբերակը կընտրի, ժողովրդի այն մասը, որը կընտրի ենթարկվել այլ ազգերին, նրանց համար ինքնաթիռի տոմսի փող ենք հավաքում ազգով ու ուղարկում այդ ազգերի քաղաքաներն ու գյուղերը, թող գնան այդ ազգերին ծառայեն, իսկ ովքեր ընտրեն սրբազան հայրենական պատերազմն ու ազգովին հավաքագրվեն ու մասնակցեն այդ պատերազմին՝ նրանց համար էլ ինքնաթիռի տոմսի փող ենք հավաքում ազգով ու բոլոր երկրներից բերում հասցնում ենք մեր երկիր: Նույնիսկ պարզապես իր ներկայությամբ հայ մարդն արդեն մեծ գործ է անում հայ զինվորի համար, զինվորը շատ ավելի հզոր է, երբ իր թիկունքում իր ժողովրդի շունչն է զգում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930