Համաճարակային իրավիճակը Հայաստանում, կարելի է ասել՝ տագնապային է, կորոնավիրուսի դելտա շտամն ավելի ագրեսիվ է, վարակելիության բարձր տեմպ ունի։ Գրեթե ամեն օր մեր երկրում կորոնավիրուսից տասը մահ է գրանցվում։ Սա վտանգավոր ցուցանիշ է։ Ու նույնիսկ այսպիսի իրավիճակում շատերը խուսափում են պատվաստվել, հազարումի պատճառ են բերում, թե՝ ՀՀ-ում առկա պատվաստանյութերն արդյունավետ չեն դելտա շտամի դեպքում։ Հիմա էլ շատ քաղաքացիներ սպասում են Pfizer եւ Moderna պատվաստանյութին, հույս ունեն, որ այս երկու պատվաստանյութերն էլ կհասնեն Հայաստան։ Առողջապահության նախարարությունը սակայն մեծ հույսեր չի տալիս։ Երեկ նախարարությունից «Առավոտ»-ին հայտնել են, որ չնայած սկզբնական շրջանում նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի աշնանը, այն ուշանում է արտադրական ցիկլի հետ կապված։ Moderna-ի դեպքում էլ որեւէ հստակ բան չեն ասում, միայն վստահեցնում են, որ բանակցությունները շարունակվում են։
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ բոլոր պատվաստանյութերն էլ լուծում են այն խնդիրները, որոնք այսօր առաջնային են։
Բժշկի ներկայացմամբ՝ այսօր առողջապահության համակարգի մեր առաջնահերթությունները հիվանդացության ծանր դեպքերի եւ հոսպիտալացումների եւ մահերի կանխելն է, ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընկնելու հավանականության իջեցումն է, եւ մեր երկրում առկա բոլոր պատվաստանյութերն այս խնդիրները լուծում են։
«Այո, դելտա շտամից հետո որոշակիորեն բոլոր պատվաստանյութերի արդյունավետությունը որոշ չափով՝ մինչեւ 15% իջել է՝ նայած տարիքային խումբ, նայած պատավաստանյութ, նայած երկիր։ Բայց միեւնույն է, բոլոր պատվաստանյութերը նշված առաջնահերթությունների տեսանկյունից կատարում են խնդիրը, կապ չունի, թե որ պատվաստանյութն է դա։ Եթե միջինացված դիտարկենք, ապա պատվաստանյութերի արդյունավետությունը ոչ միայն ծանր դեպքերի, այլ՝ միջին կամ անախտանիշ դեպքերի մասով կարող է մի պատվաստանյութ որոշ չափով առավելություն ունենա մյուսից։ Դելտայի դեպքում պատվաստանյութի ազդեցության անգամ նվազման պարագայում, պատվաստանյութերը մահերն ու ծանր դեպքերը կանխում են»,-ասում է բժիշկ-համաճարակաբանը։
Կարդացեք նաև
Նա հիշեցնում է՝ սկզբնական շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 290 թեկնածու կար, որոնք տարբեր կլինիկական փորձարկումներ են անցել, նաեւ կենդանիների շրջանում են փորձարկել, բայց հաստատվել են 10-12-ը։
Բժիշկն ասում է, որ Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը երբ այցելել էր ԵՊԲՀ, նրան Moderna-ի արդյունավետության մասին հարց են տվել, որին Աֆեյանը պատասխանել է՝ կարող է հակամարմինների քանակը մի փոքր ավել լինի. «Բայց դա էական նշանակություն չպետք է ունենա, որպեսզի ասեն՝ սա ամենալավն է։ Այս պահին վարակի հանրային փոխանցում է գնում, օրական տասից ավելի մարդ է մահանում, ու սպասել, ասել՝ չէ, նա է լավը, նա թույլ է, սխալ մոտեցում է, անհեթեթություն է, այն էլ այն դեպքում, երբ աշխարհում պատվաստանյութի պակաս կա»։
Բժշկի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ն որոշել է սեպտեմբերի վերջին երկրներում պատվաստումը գոնե 10 %-ի հասցնել, տարեվերջին՝ 40%-ի. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ցածր նշաձող է դրել ԱՀԿ-ն, որովհետեւ պատվաստանյութ չկա։ Ընդ որում, մոտ 80% կոլեկտիվ իմունիտետ է պետք դելտա շտամի վարակի շղթան կոտրելու համար»։
Ինչ վերաբերում է շրջանառության մեջ գցած այն տեսակետին, թե՝ նույնիսկ պատվաստվածներն են վարակվում, կամ՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի նման երկրներում, որտեղ պատվաստվածների ցուցանիշը բարձր է, բայց միեւնույն է, նոր վարակվածների թիվն է բարձր, բժիշկն ասում է՝ այո, պատվաստվելուց հետո ՊՇՌ թեստի արդյունքը կարող դրական լինի. «Օրինակ՝ ԱՄՆ-ում պատվաստված 173 միլիոն քաղաքացիներից ենթադրենք 12 հազարի մոտ լինի վարակ, բայց դեպքերի մեծամասնությունը թեթեւ են տանում հիվանդությունը, շատ դեպքերում վարակը չի էլ տարածվում, որովհետեւ պատվաստվածների մոտ վիրուսը մի քանի օրվա ընթացքում վերանում է։ Հարյուր տոկոսանոց ոչինչ չկա, եւ գուցե պատվաստվածներն էլ վարակվեն, գուցե՝ մի քանիսը մահանան, բայց դրանք այնքան քիչ են, որ չի կարելի է այդ դեպքերը հիմք վերցնել»։
Բժիշկը հիշեցնում է՝ նույնիսկ կարմրուկի համընդհանուր պատվաստման դեպքում, երբ տարիներով կարմրուկ չի լինի երկրում, կարող է մարդը էլի վարակվի։
Ինչ վերաբերում է հակապատվաստումային ցույցերին, Արման Բադալյանը կարծում է դրանք ամբողջությամբ քաղաքականացված են, եւ հորդորում է՝ անձնականն ու քաղաքականը չխառնել բժշկագիտության հետ։
Մտավախություններին, թե այս պատվաստանյութերը բավարար փորձաքննություն չեն անցել, հինգ տարի է պետք լիարժեք հետազոտելու համար եւ այլն, բժիշկն ասում է՝ այո, պատվաստանյութերի փորձարկումները փուլերով են՝ յուրաքանչյուր որոշակի փորձարկում, բայց քանի սպասելու ժամանակ չկար, փուլերը միավորեցին, եւ բոլոր փորձարկումները միաժամանակ ընթացան. «Եւ հետո, պատվաստանյութերի ստեղծման հարթակները նոր չեն։ Անգամ Sputnik V-ն «վա բանկ» գնաց, փորձարկումը մասայական պատվաստումներով սկսեց, քանի որ վստահ էին արդյունքի վրա։ Հիմա երեխաներին էլ են պատվաստում, որովհետեւ բավականին առաջ են գնացել ու այս պայմաններում խոսել պատվաստանյութի արդյունավետութան մասին, զավեշտալի է։ Պատվաստման ռիսկերն անհամեմատ ավելի քիչ են, քան օգտակարությունն ու արդյունավետությունը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2021