Մայիսի 26-ի Վճռաբեկ դատարանի որոշումը անձը ստացել է սեպտեմբերի 10-ին
2015թ.-ից սկսած տարատեսակ դատական նիստերի, մեղադրյալի կարգավիճակում հայտնված Աստղիկ Խ.-ի մասին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է («Դատարանը բավարարեց հոգեկան առողջության կենտրոնի միջնորդությունը», 2020թ. հունվարի 23, «Հոգեբույժի՝ իմ նկատմամբ հսկողությունը հաշվեհարդար է», 2020, մարտի 9, «Ջրի գործով» անմեղսունակ ճանաչվածը հինգ տարի է՝ դատարաններում է», 2020թ. հունիսի 5):
Աստղիկն իր բնակարանի ջուրը բաց էր թողել հարեւանի վրա, վնասել հարեւանի բնակարանը, պատճառել 800 000 դրամի վնաս: 2019-ի փետրվարից սկսվել էին Ավանի «Հոգեկան առողջության կենտրոնի» տնօրեն Ա. Հակոբյանի միջնորդության հետ կապված դատական գործընթացները. կենտրոնը միջնորդություն էր արել Աստղիկի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու վերաբերյալ:
Աստղիկը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ իր նկատմամբ ամենը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն աշխատանքից ազատել էին, եւ նա միայնակ Բաղրամյան պողոտայի վրա` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կանգնել եւ լուռ բողոք էր արել: Լուռ բողոքների հետ կապված էլ դիմել էին վարչական դատարան: Աստղիկը հայտնել էր նաեւ, որ կամավոր չի շարունակի բուժումը: Բարձրագույն կրթություն ունեցող, Երեւանի պետական համալսարանը փայլուն առաջադիմությամբ ավարտածին անմեղսունակ են ճանաչել եւ փորձել մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ հարեւանի տան գույքը «միտումնավոր» վնասել է, այն է` ջուր է բաց թողել, կես միլիոն դրամից ավելի վնաս պատճառելով նրան:
Կարդացեք նաև
«Առավոտին» Աստղիկը հայտնել էր նաեւ. «Եթե ես չեմ հետազոտվել, ինչպես եմ ճանաչվել անմեղսունակ»:
Վճռաբեկ դատարանն այս տարվա մայիսի 26-ին վերջ դրեց, ի վերջո, այս տարօրինակ քրեական հետապնդմանը, որը զուգորդվում էր նաեւ հոգեբանական հետապնդմամբ, այն է՝ նախաքննություն իրականացնող մարմինը որպես «անվտանգության միջոց» կիրառել էր հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: 2015թ. մայիսի 29-ին նրան անգամ տեղավորել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում «Անձի պարանոիդ խանգարում» ախտորոշմամբ, իսկ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` Աստղիկն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ։ Այդ գործով էլ, բուժկենտրոններից մեկում Աստղիկը խնդրել էր մորը ստացիոնար բուժման համար միջոցներ ձեռք առնել, վերջում ավարտվել էր «հասարակական կարգը» խանգարելով:
Աստղիկը չի ընդունում իրեն առհասարակ մեղսագրվածը, իսկ հոգեբույժները միջնորդություն էին ներկայացրել դատարան, հայտնելով. «Ներկա հոգեկան վիճակով Աստղիկ Խ.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի մեկուսացման, հսկողության, խնամքի եւ հարկադիր բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՝ ըստ բնակավայրի»։ 2015թ.-ից «Առավոտը» շփվում է «շրջապատի համար վտանգավոր» այս անձնավորության հետ դատարաններում, նիստերի դահլիճներից դուրս, երբ նա սպասում է, թե իրենից «անվտանգները» երբ են ներկայանալու նիստերի դահլիճ:
Աստղիկը մեզ հայտնել էր, թե ինչ տառապանքների է ենթարկվել հոգեբուժական հիմնարկում, գտնվելով նման փակ հիմնարկում, նա կարողացել էր բողոքարկել իր նկատմամբ կատարվածը: Նա հանցագործության մասին հաղորդում էր տվել Հատուկ քննչական ծառայությանը՝ հայտնել, որ ոստիկանության Կենտրոնի աշխատակիցները կոտրել են իր բնակարանի դուռը, ապօրինի մտել բնակարան, ապօրինի զննել իր տան ջրագծերը: Աստղիկն ասում էր, որ իրեն շղթայակապ բերման են ենթարկել, երբ մոր ահազանգից հետո նա գնացել էր տուն, չորս ժամ շղթայակապ այդ վիճակով պահել են ոստիկանությունում, պատճառել հոգեկան, ֆիզիկական ցավ: «Ջրի գործով» Աստղիկ Խ.-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորում երկու ամսով: Նրան բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների հետ ներկա են գտնվել նաեւ ԱԻՆ փրկարարները, քանի որ երբ թակել են դուռը, եւ այն չի բացվել, մտածել են, թե հնարավոր է փրկարարների անհրաժեշտությունը լինի` ջրի արտահոսք, մահացած մեկը… բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել էր, որ Աստղիկն ու մայրը հյուրասենյակում են եղել: Աստղիկին ձեռնաշղթաներ հագցնելու փաստը հաստատել են բնակարան գնացած ոստիկանության չորս տեսուչները, չորս ԱԻՆ աշխատակիցները: ՀՔԾ-ի որոշման մեջ արձանագրվել էր, որ ոստիկանները համատիրության աշխատակիցների հետ ջրի հետ կապված բողոք լսելուց հետո եկել են Աստղիկ Խ.-ի բնակարան, նրա մայրը բացել է դուռը, զարմացել, որ կա բողոք, թե ջուր են բաց թողել հարեւանների վրա, տեսել են ջրագիծը չոր է, տանն իրոք ջրի արտահոսք չկա, «առանց խնդրի դուրս են եկել»:
Վճռաբեկ դատարանի իրավական գնահատականը հետեւյալն էր. «Ստորադաս դատարանները թույլ են տվել քրեական օրենսգրքի 101 հոդվածի սխալ կիրառում, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը նաեւ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է»: Վճռաբել դատարանին Աստղիկ Խ.-ն հայտնել էր. «Ստորադաս դատարաններն իրավասու չէին քննել եւ բժշկական բնույթի հարկադիր միջոցի տեսակը փոխել ավելի ծանր հարկադրանքի միջոցով՝ բժշկական հաստատության եզրակացության բացակայության պայմաններում»: Վճռաբեկի հարցը հետեւյալն էր՝ հիմնավո՞ր էին, արդյոք, Ա. Խ.-ի արտահիվանդանոցային հարկադիր բուժումը եւ տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունը ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին ստորադաս դատարանների հետեւությունները: Վճռաբեկը հղում էր կատարել ՄԻԵԴ-ին՝ «Հոգեկան հիվանդ համարվող անձին ազատությունից զրկելը չի կարող համարվել Եվրոպական կոնվենցիային համապատասխանող (5 հոդված, 1-ին մաս), եթե ազատությունից զրկելու մասին որոշումը կայացվել է՝ չստանալով բժշկական փորձագետի եզրակացությունը»: Մինչդեռ, անցյալ տարվա փետրվարի 21-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը «հիմք ընդունելով միայն Աստղիկ Խ.-ի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելը», դատարան է ներկայացրել միջնորդություն՝ արտահիվանդանոցային հարկադիր բուժումը եւ տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունը ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին: Առաջին ատյանն էլ արձանագրել էր, թե նա չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ, չի ստանում նշանակված դեղորայքը, իրեն հիվանդ չի համարում:
Ըստ Վճռաբեկ դատարանի, ստորադաս դատարանները հաշվի չեն առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, նրա նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելիս հիմքում դրել են Աստղիկի կողմից տեղամասային հոգեբույժի մոտ չհաճախելը, իրեն առողջ համարելը, դեղեր չընդունելը. «Մինչդեռ բժշկական հարկադրանքի միջոցի տեսակի փոփոխության պայմանները չեն կարող որեւէ կերպ նույնացվել անձի նկատմամբ խափանման միջոցի տեսակի պայմանների փոփոխության հետ»: Ասել է թե՝ անձի կողմից իր պարտականությունները չկատարելը բավարար պայման չէ՝ այդ պարտականությունները կատարելու համար:
«Տեղամասային հոգեբույժի մոտ չհաճախելու, դեղորայք չստանալու, իրեն առողջ համարելու բժշկական եզրակացության մեջ նրա հոգեկան վիճակի մասին տեղեկությունների բացակայության պայմաններում, Ա. Խ.-ի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը փոխվել չէր կարող»,-արձանագրել էր Վճռաբեկ դատարանը՝ մերժելով Ավանի հոգեկան առողջության կենտրոնի միջնորդությունը, բեկանելով վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա փետրվարի 28-ի որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2021