Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թատրոնի ղեկավարումը տեսնում եմ աշխարհում ամենատարածված` դասական ոճով»

Սեպտեմբեր 15,2021 12:30

Հարցազրույց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հետ:

– Մաեստրո, շնորհավորում ենք ձեր վերադարձը օպերային թատրոն՝ այս անգամ նոր կարգավիճակով։ Ըստ էության, թատրոնում պաշտոնավարման փորձ ունեք, այն էլ՝ երկար տարիների. շուրջ 15 տարի հանդիսացել եք թատրոնի գլխավոր դիրիժորը։ Մեր որոշ արվեստագետներ մտահոգություն են հայտնում, որ նոր պաշտոնը՝ ժամանակի առումով, կարող է ինչ-որ չափով խանգարել ձեր մասնագիտական գործունեությանը։

– Պաշտոնապես վեց տարի չեմ աշխատել՝ ոչ Հայաստանում, ոչ էլ արտասահմանում։ Տարիների ընդմիջումից հետո սա իմ առաջին աշխատանքն է։ Բայց, միեւնույն ժամանակ, հանդիսացել եմ հրավիրյալ դիրիժոր արտերկրյա յոթ թատրոններում եւ տասնյակ սիմֆոնիկ նվագախմբերում։ Շնորհակալ եմ մտահոգություն հայտնած արվեստագետներին։ Կարծում եմ՝ ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Իսկ ես արդեն, ինչպես նշեցիք՝ նոր կարգավիճակով, անցել եմ աշխատանքի։ Իհարկե, դժվար է, նույնիսկ տաքսու վարորդի աշխատանքն է շատ դժվար։ Բոլոր տեսակի աշխատանքների համար առաջին հերթին անհրաժեշտ է կարգապահություն։ Յուրաքանչյուր ոք պարտավոր է պատասխան տալ իր գործի համար, անհրաժեշտ է ունենալ նվիրվածություն, համբերություն… Օրինակ, առաջին օրվանից, երբ ստանձնեցի պաշտոնը, թատրոնի ներսում եղած խնդիրներին լուծում տալուց բացի, սկսեցի մտածել նաեւ թատրոնի շրջակայքի մասին։ Պետք է մեր ուժերով մաքրենք այն, այլ ոչ թե դիմենք քաղաքապետարան։

– Ավելի քան քառորդ դար մեր զրույցները ձեզ հետ կայացել են մշակութային խնդիրների շուրջ, այս պահին կարծես անհարմարավետություն ենք զգում հարցեր ուղղել տնօրենի գործառույթի վերաբերյալ։ Առաջին հարցը, որ հետաքրքրում է մեզ, դա թատրոնի կառավարումն է։ Հավանաբար այդ առիթով դուք ինչ-ինչ փոփոխություններ եք նախատեսել, մանավանդ որ, օպերային թատրոնները ամենուրեք նույն ձեւով չեն կառավարվում։ Օրինակ բերենք մեր հարեւանին. Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնում բալետն ունի ոչ թե «բալետային խումբ» սահմանումը, այլ «Վրաստանի ազգային բալետ»։ Կամ՝ կառավարման այլ մոդելների օրինակներ էլ բերենք։ Արեւմտյան որոշ թատրոններում կարող ենք նկատել օպերայի եւ բալետի ենթակառույցների առանձնացված գեղարվեստական ղեկավարում, որտեղ հիմնականում բաժանումը կատարված է երաժշտական ղեկավարի, երբեմն նաեւ գլխավոր դիրիժոր-երաժշտական ղեկավար եւ բալետի գեղարվեստական ղեկավարների միջեւ։ Դուք ղեկավարել եք բազմաթիվ բալետային եւ օպերային ներկայացումներ Լայպցիգի, Լիոնի, Սանկտ Պետերբուրգի, Նովոսիբիրսկի, Նեապոլի եւ այլ թատրոններում։

– Պատասխանը մեկն է եւ հստակ՝ մեր թատրոնի ղեկավարումը ես տեսնում եմ աշխարհում ամենատարածված դասական ոճով կամ ուղղությամբ։

– Այցելելով հեղինակավոր թատրոնների պաշտոնական կայքեր, հաճախ տեսնում ենք ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի տասնյակի հասնող հովանավորների անուններ։ Կոնկրետ մեր երկրում, այն էլ հետպատերազմյան շրջանում, ճիշտ չէ հույսը դնել միայն պետության վրա… Հասկանալի է, որ օպերային թատրոն ունենալը ցանկացած երկրի համար թանկ հաճույք է, բայց Երեւանում գործում է միայն 24 պետական թատրոն, մարզերում՝ 10-ը…

– Ես կատեգորիկ դեմ եմ «պետությունը պարտավոր է», «օպերան թանկ հաճույք է» ու նման լոզունգներին։ Ընդհակառակը, պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավելացնենք ներկայացումների քանակը, այդ թվում՝ նաեւ մանկական։ Ի դեպ, արդեն նախատեսել ենք մանուկների համար բեմադրություններ։ Ճիշտ է, այս պահին չեմ բարձրաձայնի դրանց անունները, բայց որ պետք է փորձենք մեր բալիկների մեջ սերմանել բարություն ու նման հատկանիշներ, դա միանշանակ է։ Ընդ որում, դա բխում է թատրոնի շահերից։ Նման եղանակով մենք պետք է պատրաստենք վաղվա հանդիսատեսին։ Իհարկե, այսօր էլ մենք ունենք հիանալի հանդիսատես…

– Դուք մտածում եք հանդիսատեսի՝ այսպես կոչված՝ սերնդափոխության մասին, իսկ արտիստների՞։ Շուրջ 30 տարի է, ինչ բարձրաձայնվում է երեւանյան թատրոններում դերասանական խմբի սերնդափոխության մասին։ Իսկապես, որոշ թատրոններում կան արտիստներ, որոնք ոչ թե մեկ-երկու տարի, այլ մի քանի տասնամյակ բեմ դուրս չեն եկել։

– Բոլոր արտիստները թանկ են ինձ համար՝ անկախ տարիքից։ Ի վերջո, կան դերեր, մեր դեպքում՝ դերերգեր, որ դրանցով պետք է հանդես գան ավելի հասուն տարիքի արտիստներ։ Ինչ խոսք, մենք պետք է ներկայացնենք երիտասարդ ձայների նույնպես՝ սկզբում երկրորդ, երրորդ պլանի դերերգեր վստահելով, մինչեւ մեներգիչների հիմնական խմբում ընդգրկվելը։ Շուտով թատրոնում կհիմնվի ակադեմիա՝ մեր թատրոնի բազայի հիմքով։ Հույս ունեմ, որ այն կղեկավարի մեր ճանաչված օպերային բաս Բարսեղ Թումանյանը։ Կփորձենք ընդգրկել լավագույն ուժերին։ Խոսքը միայն վոկալիստների մասին չէ, այլ ադմինիստրատորի, լուսային ինժեների, բեմի մեքենավարի, բալետմայստերի, նկարչի եւ այլն։ Ինչ խոսք, կան ինստիտուտներ, որոնք ունեն թվարկածս մասնագիտությունները, բայց մեր ակադեմիան նախատեսում է թատրոնին անհրաժեշտ բոլոր մասնագիտությունները հավաքագրել մեկ տեղում, ձեւավորել մեկ թիմ։ Իհարկե, մենք սիրով կհրավիրենք նաեւ մյուս ինստիտուտների շրջանավարտներին։ Գուցե վերամբարձ հնչի, բայց ակադեմիայի դեպքում մենք չենք կարեւորելու դիպլոմ ստանալը, այլ առաջնայինը տեղ ենք տալու գիտելիքին։

– Ձեր թվարկած մասնագիտությունների շարքում «դիրիժոր»-ը չհնչեց։ Իսկ գիտենք, որ առաջին հերթին հենց դրա պակասն ունենք։

– Համամիտ եմ։ Մենք պետք է նախապատրաստենք երիտասարդ դիրիժորների մուտքը թատրոն եւ թույլ տվեք ձեր օրաթերթի միջոցով դիմել երիտասարդ դիրիժորներին, որ հետեւեն թատրոնի պաշտոնական կայքին, որը շուտով կտեղեկացնի թատրոն հրավերի մասին։ Լավագույնները կարող են սկզբում աշխատել որպես դիրիժորի ասիստենտ։

– Վերջերս Սաթի Սպիվակովայի հետ հարցազրույցում աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, մեղմ ասած՝ նեղսրտեց ժամանակակից ռեժիսուրայով իրականացվող օպերային բեմադրություններից եւ առանց թատրոնի անունը վկայակոչելու՝ ասաց հետեւյալը. «Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ողջ ներկայացման ընթացքում կրել նույն հագուստը, օրինակ, օրերս նման բան տեսա, այլ էլ հեղինակավոր մի թատրոնում, որտեղ «Տրավիատա» ներկայացման մեջ գլխավոր հերոսուհին սկզբից մինչեւ ներկայացման ավարտը նույն հագուստով էր։ Իսկ որպես դեկոր՝ եթե այն կարելի է այդպես համարել, առանց չափազանցության, ընդամենը մեկ քառակուսի պատվանդան էր, որը ծառայում էր նաեւ որպես մահճակալ։ Ես հասկանում եմ, որ դեկորները թանկ են, բայց հետաքրքիր է՝ հանդիսատեսը գեղարվեստական հաճույք ստացա՞վ։ Ասեմ, որ հիանալի էին աշխատում լուսային ինժեներները»։ Մաեստրո, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին։

– Մեծ հարգանք տածելով տենորի հանդեպ, ես պետք է նշեմ, որ թատրոնը, այո, էքսպերիմենտի հարթակ է։ Չզարմանաք՝ մենք մի օր մեր դասական «Անուշ»-ին զուգահեռ կներկայացնենք ժամանակակից ռեժիսուրայով «Անուշ»։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել։ Այո, ժամանակը թելադրում է նաեւ ժամանակակից ռեժիսուրայով բեմադրություններ, իսկ թե այդ «ժամանակակիցը» ինչքան կյանք կունենա խաղացանկում, արդեն հանդիսատեսի որոշելիքն է…

– Ձեր ղեկավարած թատրոնն առայժմ չունի գեղարվեստական ղեկավար։ Այս պահին մենք չենք ակնկալում լսել որեւէ անուն, բայց ուզում ենք փոխանցել ձեր գործընկերոջ՝ ճանաչված դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի՝ օրերս մեզ հայտնած միտքը, թե սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաեւ օպերային թատրոնում համապատասխանաբար տնօրեն եւ գլխավոր դիրիժոր, տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար պետք է հանդիսանան նույն անձինք։ Նրա հավաստմամբ՝ այսօր առանձին գործող տնօրենները պարզապես բիզնեսի մարդիկ են եւ գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը պարզապես կախվածության մեջ են նրանցից։ Ասվածի առիթով հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։

– Ես ամբողջովին հասկանում եմ հարգարժան մաեստրո Բորեյկոյին։ Այո, կան երկրներ, օրինակ՝ Իտալիան եւ Գերմանիան, որտեղ մշակութային օջախի կամ կոլեկտիվի շարժիչ ուժը տնօրենն է։ Բայց չմոռանանք, որ Արեւմուտքում թատրոնի գլխավոր տնօրենը եւ գլխավոր մենեջերը կրթվում են հատուկ ինստիտուտներում։ Հայաստանում թատրոնի տնօրենի ինստիտուտը դեռեւս բացակայում է, այլ կերպ ասած՝ ոչ մի տեղ չի ուսուցանվում թատրոնի կառավարում… Մյուս կողմից՝ մեր թատրոնի օրինակով կարող ենք փաստել, որ հիանալի ժամանակաշրջան է եղել այն տարիներին, երբ այդ պաշտոնը վարել են մեծանուն արվեստագետներ՝ դիրիժորներ Հակոբ Ոսկանյանը, Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը եւ այլն։

– Թատրոնի 89-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 16-ին՝ Խաչատրյանի «Գայանե» բալետային, 18-ին՝ Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումներով։ Երկու ներկայացումների հայտագրերից երեւում է պրոֆեսիոնալի ձեր ձեռագիրը։ Երկու ներկայացումներում էլ, ինչպես տեղեկացված է հայտագրերում, ընդգրկված են ոլորտների աստղերը։ Բայց այդ աստղերից ոչ մեկը չունի ժողովրդականի կոչում։ Վստահ ենք, որ մեր հանդիսատեսը անուն առ անուն գիտի մեր բալետի եւ օպերային աստղերին։

– Մեր թատրոնում աշխատում են իսկապես տաղանդավոր մարդիկ։ Ինձ համար բոլորը աստղեր են։ Իհարկե, մեր հանդիսատեսը գիտի աստղերին։ Մենք այդ գրառումը արել ենք հայտագրերում, որպեսզի մեր աստղերը էլ ավելի ճանաչելի լինեն մեր երկրում, ինչը մարքեթինգի խնդիրն է։ Ինչ վերաբերում է կոչումներին, մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, թե այն զուտ էգոյի հարց է՝ եկած խորհրդային ժամանակներից։ Ժամանակ է պետք, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, շտկվի։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930