Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր պատմության» անհրաժեշտությունը հասունանում է

Սեպտեմբեր 15,2021 15:30

Պատմությունները, առասպելները, միֆերը լինում են երկարաժամկետ եւ կարճաժամկետ

Հանրաքվեների եւ ընտրությունների ժամանակ մարդկանց չեն հարցնում՝ «ի՞նչ եք դուք ՄՏԱԾՈՒՄ տվյալ հարցի կամ քաղաքական ուժի մասին»: Մտածելը բարդ գործընթաց է եւ կախված է նրանից, թե որքանով է մարդու ուղեղը «մարզված», ինչ գիտելիքների է նա տիրապետում եւ այլն: Նման դեպքերում հարցը, որն, ըստ էության, դրվում է քաղաքացիների առջեւ, կարելի է ձեւակերպել այսպես՝ «ի՞նչ եք դուք ԶԳՈՒՄ». զգացմունքները, հույզերը ավելի պարզ, բնազդային երեւույթ են, դրանք հատուկ են բոլորին, եւ այստեղ մարդկանց մեջ մեծ տարբերություն չկա: Ես կարող եմ երկար չմտածել, թե ինչ ծրագրեր ունի տվյալ քաղաքական գործիչը, բայց կարող եմ զգալ, որ նա պարկեշտ եւ ժողովրդասեր մարդ է:

Որպես օրինակ բերեմ «բրեքզիտը»՝ գործընթաց, որով Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից: Երբ գործը հասավ որոշումներ ընդունելուն, հանրաքվեին՝ ոչ ոք չէր հարցնում Օքսֆորդի պրոֆեսորներից կամ «Գարդիանի» խմբագրից, թե ի՞նչ են նրանք մտածում այդ գործընթացի մասին: Հարցնում էին բոլոր բրիտանացիներին՝ ի՞նչ են նրանք զգում այս առիթով: Իսկ բրիտանացիների մեծամասնությունը զգում էր հետեւյալը. «Հերիք եղավ, բոլ եղավ: Առավոտվանից երեկո աշխատում ենք, սաղ հարստությունները Բրյուսել են գնում: Վերջ, էլ սրանց վրա չենք աշխատի: Մե՛նք ենք տերը մեր երկրի»: Բրիտանացիների մեծ մասն այդպես զգաց, եւ Բրիտանիան լքեց Եվրամիությունը:

Արդյոք դա ճի՞շտ քայլ էր՝ այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ: Տնտեսագետները, հավանաբար, կարող են հաշվարկել «բրեքզիտի» վնասներն ու օգուտները: Ի դեպ, այդ հաշվարկները կվերաբերեն այս պահին կամ այս տարվան ու քիչ հավանական է, որ կներկայացնեն, ասենք, 10 տարվա կանխատեսումը: Ինձ այստեղ այլ հարց է հետաքրքրում. այդ մարդկանց մի պատմություն (story) պատմեցին, մարդիկ դրան հավատացին, եւ այդ հավատի հիման վրա կատարեցին իրենց զգացմունքային ընտրությունը:

Այդ պատմությունը կարող է կոչվել «գաղափար», «առասպել», «միֆ», բայց ես այդ բառերի մեջ որեւէ բացասական իմաստ չեմ ներդնում. ես չեմ կարծում, որ դա պարտադիր խարդախություն է, միտումնավոր հորինվածք կամ բլեֆ: Իմաստն այն է, որ մարդկանց (այն պահից սկսած, երբ նրանք առանձնացան բնաշխարհից) հնարավոր չէ համախմբել միայն կենսաբանական կամ տնտեսական գործոնների կիրառմամբ: Անհրաժեշտ է պատմություն կամ առասպել, որին մեծ թվով մարդիկ կհավատան: Առասպելը ներկայացնում են քրմերը, քահանաները, Կենտկոմի գաղափարախոսության բաժինը, փորձագետները, քաղտեխնոլոգները, «ֆեյքերը», «թրոլերը»՝ ով ասես: Միֆ ունենալը հատկապես կարեւոր է պետություն ունենալու պայմաններում:

Պետության քաղաքացիներին պետք է տրվի ինչ-որ մի գաղափար, որը նրանց մեծամասնության համար կծառայի որպես սոսինձ, կամ, եթե ուզում եք, ցեմենտ: Առանց դրա պետությունը, եթե անգամ քաղաքացիները քիչ թե շատ բարեկեցիկ են, կա՛մ վաղ թե ուշ կփլուզվի, կա՛մ էլ իշխանության կգան մարդիկ, որոնք այդ համախմբող առասպելի ձեւակերպումը կտան: Դուք կարող եք ամեն օր «Վրեմյա» ծրագրով խոսել «զարգացած սոցիալիզմի», «համաժողովրդական սեփականության» կամ «նոր պատմական միասնության՝ խորհրդային ժողովրդի մասին»: Բայց եթե դրան ոչ ոք չի հավատում (այդ թվում նաեւ խոսացողները), այլեւս ոչինչ չի կարող փրկել համակարգը, որքան էլ այն դրական դրսեւորումներ ունենա:

Այդ միֆերը կարող են լինել կրոնական եւ աշխարհիկ, ինչ-որ իրական փաստերի վրա հիմնված կամ ամբողջությամբ օդից վերցրած, քիչ թե շատ հումանիստական կամ ծայրից ծայր մարդակեր, կայսրապաշտական կամ ազգային ազատագրական: Ամեն մեկը քննելու համար հարյուրավոր հատորներ են գրվել, եւ այստեղ դրանք քննելու տեղը չէ: Այստեղ ուզում եմ պարզապես եւս մեկ անգամ ընդգծել, որ դրանք հնարավոր չէ բաժանել «լավերի» եւ «վատերի», ինչպես նաեւ չկա աշխարհում մի մարդ, որն իրավունք ունի հպարտորեն կուրծք ծեծելու ու ասելու. «Ես ոչ մի առասպելի չեմ հավատում: Այն, ինչին ես հավատում եմ, լրիվ ճիշտ է»: Այդպես ասողներն, իհարկե, շատ-շատ են, բայց նրանք, կարծում եմ, մոլորության մեջ են:

Հիմնական պատմությունը, որով այս պահին ապրում է Հայաստանի հասարակության մեծամասնությունը եւ որը «ցեմենտի» դեր է խաղում մեր քաղաքացիների մեծամասնության համար, ձեւակերպվում է այսպես. «Մինչեւ 2018 թվականը մենք ապրում էինք մղձավանջի մեջ, մեզ թալանում էին ու կեղեքում, եւ մեր պետության գլխավոր նպատակն է այդ կեղեքիչներին պատժել»: Կրկին՝ կարեւոր չէ, թե որքանով է դա ճիշտ կամ սխալ, կարեւոր է, որ դա համախմբում է մեր քաղաքացիների մեծ մասին եւ ապահովում է պետության հարաբերական կայունությունը: Տարածքների կորուստը եւ անվտանգության սպառնալիքները չեն կարող այդ միֆը սասանել:

Իսկ ի՞նչն է կարող: Իմ կարծիքով՝ ժամանակը: Ըստ իս՝ այդ պատմության հիմնական թերությունն է կարճաժամկետ գործողությունը: Դրա հիմքում այն տրավմատիկ փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել 1990-ականների սկզբին եւ դրան հետեւած հասարակության սոցիալական շերտավորումը, որը մոտ 20 տարի խթանվում էր կոռուպցիոն համակարգով: Իմ սերնդի մարդիկ այդ տրավման ապրել են գիտակից տարիքում, 40 տարեկանները դա զգացել են իրենց մանկության տարիներին՝ նրանց ընկալումն այդքան սուր չէ: Այսօրվա 20 տարեկաններին կարելի է փորձել փոխանցել նույն զգացողությունները, բայց նրանք դժվար թե դա ընկալեն որպես պետության գերխնդիր: Եվ հետեւաբար, մոտակա 10 տարվա ընթացքում կարիք կառաջանա համախմբող նոր գաղափարի: Հուսով եմ՝ ավելի կառուցողական ու երկարաժամկետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930