Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվա-Անկարա առճակատում է խմորվում

Սեպտեմբեր 15,2021 12:00

44-օրյա պատերազմի գլխավոր թուրք գեներալ «կառավարիչը» Բաքու է գործուղվել

Բաքվում կրկին զորավարժություններ են մեկնարկել։ Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը սեպտեմբերի 12-20-ը հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության` զորավարժություններն անցկացվում են «Երեք եղբայր–2021» կարգախոսով: Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է, խաղաղ եւ պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքի եւ փորձի փոխանակումը:

Մի կողմից Բաքուն ու Անկարան խոսում են տարածաշրջանային խաղաղության մասին, տարածաշրջանային նախագծերի հնարավորությունների մասին, բայց 44-օրյա պատերազմից արդեն գրեթե մեկ տարի անց, պարզ է, որ Բաքուն ու Անկարան զբաղված են ե՛ւ ուժի ցուցադրությամբ, ե՛ւ իրապես չեն բացառում նոր ռազմական գործողությունները: Նրանք լրջորեն պատրաստվում են դրան: 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում էր Քարվաճառի շրջանում։

Բաքվի ու Անկարայի պահվածքը վկայում է այն մասին, որ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է», «պատերազմն ավարտվել է» ներքին քարոզչական ձեւակերպումներին Ալիեւն ամենեւին էլ չի հավատում: Բայց այս պարզ իրողությունը չպետք է հիմք հանդիսանա, որպեսզի Ադրբեջանի ցանկացած գործողություն դիտարկենք պարզապես քարոզչության դիտանկյունից:

Բաքուն ու Անկարան Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման դաշտ են ձգտում բացել: Նրանց գործողություններն ակնհայտորեն «ստուգողական» են, թե դեռ որքան կդիմանա Պուտինը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, որի կազմում ընդգրկվել են չորս թուրք գեներալներ։ Ընդհանուր խումբը ղեկավարելու է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաեւ գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը եւ ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն օրերս լիակատար աջակցություն խոստացավ Ադրբեջանին: «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունության ապահովմանը եւ ակտիվ ջանքեր է գործադրում այդ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,- նշել էր նա՝ հավելելով. «Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, ազատագրել է իր հողերը, որոնք 30 տարի օկուպացված էին»: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին՝ իր բոլոր հնարավորություններով ու ներուժով:

Սա այն երկրի պաշտպանության նախարարն է, որի հետ վերջին շրջանում հարաբերությունները կարգավորելու հրապարակային հայտարարություններ են արվում: Կա՞ տպավորություն, որ Անկարան առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու է գնում, եթե համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորվել» է, իսկ պատերազմն՝ «ավարտվել է»:

Ի դեպ, Բաքվում ստեղծված հատուկ հրամանատարական խումբը, որը ըստ էության ղեկավարելու են թուրք չորս գեներալ, նրանցից Բախտիյար Էրսայը, որը ղեկավարելու է գեներալների խումբը, կազմակերպել ու կառավարել է անցյալ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները: Բախտիյար Էրսայի անունը բացահայտեց ռուսական մամուլը, մասնավորապես «Վզգլյադ» պարբերականն իր հետաքննական նյութերում վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ իր աղբյուրներին, հայտնել էր, որ 2020թ. աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը:

Անկարայի ու Բաքվի համակարգված կտրուկ գործողությունների համար, թերեւս, հիմք է հանդիսացել այն, որ Մոսկվան առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը: Պաշտոնական Երեւանը մի քանի անգամ արդեն արձանագրել է, որ Բաքուն խուսափում է դրանից: Հիմա, փաստորեն, ռուսական ձգտումներին ի պատասխան՝ Թուրքիան ու Ադրբեջանը հակընդդեմ քայլի դիմեցին՝ թուրքական բանակի ներկայացուցչություն ստեղծելով Բաքվում:

Անկարան ու Բաքուն Ռուսաստանի համար, այսպիսով, նորանոր մարտահրավերներ են ստեղծում: Մոսկվան առայժմ պատասխանում է ռուս փորձագետների մեկնաբանություններով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության 5 տարին լրանալուց հետո էլ ռուսական կողմը չի հեռանալու:

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ ռուս խաղաղապահների՝ ԼՂ տարածքում մնալու հարցը բնակչության որոշելիքն է՝ համաձայն 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության, իսկ դրանից հետո որոշում կընդունվի խաղաղապահների մանդատի հետագա երկարաձգման վերաբերյալ: «Մեզ գնահատական տվողը խաղաղ բնակչությունն է: Այսօր ԼՂ-ում կյանքը իր հունով է գնում: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա:

Բաքուն բոլոր ուղղություններով գնում է քայլերի, որոնք կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից: Այդ ամենին զուգահեռ Ադրբեջանում սկիզբ է դրվել հայկական տեղանունների լայնածավալ ադրբեջանականացմանը: Հեռուստատեսությամբ, թերթերում, սոցիալական ցանցերում եւ նույնիսկ հասարակական տրանսպորտում Հայաստանի մարզերի, քաղաքների անունները ներկայացվում են «ադրբեջանական» տարբերակներով: Համացանցի ադրբեջանական տիրույթից այդ լուսանկարները հետեւողականորեն տարածվում են:
Իսկ Հայաստանի իշխանությունները նախանձելի հանդարտություն են շարունակում պահպանել…

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ նույն օրը ժամը 12։00-ից «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։ Այս տեղեկությունը հանրությանը հայտնելով՝ նաեւ նշվեց. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930