Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հեռուստատեսությունների համար պայքարի ու ապրելու ժամանակաշրջան է»

Սեպտեմբեր 15,2021 13:00

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ներկայացնում է նոր եթերաշրջանի ինքնատիպ նախագծերը

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ դեռեւս Տիգրան Նաղդալյանի ժամանակներից ձեւավորվել էր նոր եթերաշրջանի բացումը, ինչը դարձավ ավանդույթ: Հարություն Հարությունյանի խոսքով, եթե հեռուստատեսային դաշտում ես աշխատում, պետք է պահես այդ ավանդույթը, ինչը եւ իրենք արել են:

«Որքան էլ ծանր է վիճակը, սիրտ չունենք, կոտրված ենք, որքան էլ տնտեսական դաշտը քաոտիկ վիճակում է եւ համարյա գովազդային մուտքեր չկան, իսկ մասնավոր հեռուստատեսության համար դրանք շատ կարեւոր են, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք պահել ավանդույթը: Ամառվա արձակուրդներից հետո, այս ողջ մղձավանջից հետո պետք է փորձել նոր մի բան ցույց տալ, մի նոր որակ ապահովել, մի քայլ առաջ գնալ: Դրա համար մի քանի նախագծեր նախաձեռնեցինք, որոնք կփոխեն հեռուստատեսության դեմքը դրական առումով: Մի խոսքով, սեպտեմբերի 13-ից արդեն աշնանային եթերաշրջանի ընթացքի մեջ ենք մտնում: Սա տոնական եթեր չէ, ավանդույթ է, մշակույթ է, իսկ հեռուստատեսությունը եւս մշակույթ է… Արդեն ամեն օր երեկոյան, քնելուց առաջ երեխաներին հյուր կլինի «Հոպլա շոուն», որտեղ նրանց հետ կզրուցեն տիկնիկները, 20 տարի առաջվա Մոխն ու Դմբլդոխը, Քրիստ Մանարյանն իր տիկնիկներով, ուսուցողական մուլտեր կլինեն, ներկայացումներ էլ ենք նախատեսում, երեխաներին փորձելու ենք մշակույթին, գիտությանը եւ կրթությանը մոտ պահել»,-ասում է մեր զրուցակիցը:

Նշում է, որ նախագծերից մեկը` շոուի նման գյուղական համայնքների հետ է լինելու, բայց դոկումենտալ ֆիլմի ժանրի ձեւաչափով, ներկայացվելու է ամեն մարզը, մշակույթը, խաղերը, երգերը, ուտեստները. «Սա կարծես պատասխան է տեղանունների ադրբեջանականացմանը»: Շարունակվելու է նաեւ «Հայտնի անծանոթը» շարքը, մարտարվեստի միջազգային մրցումները կլինեն, մեր մարզիկները մրցելու են Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ:

«Որոշել ենք կարծրատիպեր կոտրել` եւ «Հայլուրի» մուտքն է տարբեր, եւ անոնսը: Մինիմալիզմի մեջ է, բայց շատ հաճելի: Ունենք «Կինոպոեզիան»… Կինոն կարելի է նկարել պատմվածքի, էսսեի հիման վրա, էկրանավորում կարելի է անել վեպի հիման վրա, բայց առանց միջամտության, պոեզիայի տողերի հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարելը նոր մոտեցում է… Ունենք Հրաչյա Սարուխանը, Անահիտ Հայրապետյանը, Զահրատը, ընթացքի մեջ են Քուչակն ու Սայաթ-Նովան, շուտով կնկարենք Կոստան Զարյանը, եւ ժամանակակից գրողներին ենք ուշադրություն դարձնելու: Աչքներիս տակ կա Նորայր Գրիգորյանը… Ընդհանրապես ուզում ենք ժամանակակիցն ու դասականը ներդաշնակել, ասել, որ երթը շարունակվում է, սա պոեզիայի լավ պրոպագանդա է: Մարդիկ չգիտեին Զահրատն ով է, բայց նայում են, ուզում են կարդալ: Օրինակ, երբ նկարեցինք «Մեզանից մեկը» շարքից Լեւոն Խեչոյան, հաջորդ օրը շատերը գնացել էին գրախանութներ եւ Լեւոն Խեչոյանի գրքերը փնտրել… Կարծում եմ` սին են այն պնդումները, թե ժողովուրդն ինչ ուզում է, դա ենք անում, ոչ, ժողովրդին պետք է տաս արժեքավորը, որակյալը:

Ես համաձայն եմ, որ հեռուստատեսությունը բիզնես է, բայց այդ բիզնեսի մեջ պետք է այն տողը պահպանել, որ հեռուստատեսությունը նաեւ կրթական գործառույթ ունի, մանավանդ՝ մեր ժամանակների համար, երբ կրթական համակարգը ծանր վիճակում է, մանկավարժները լավ չեն վճարվում, ծնողները ժամանակ չունեն երեխաներով զբաղվելու»,-ընդգծում է «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը:

Նաեւ հավելում է, որ ցուցադրելու են լավագույն ֆիլմեր ու սերիալներ` մեծամասնությունը` 2021թ. արտադրության, այդ շարքում է «Ինչպես դառնալ բռնապետ» ֆիլմը, ամեն ուրբաթ էլ նախատեսվում են գեղարվեստական ֆիլմեր` բնօրինակով, հիմնականում անգլերեն կամ ֆրանսերեն` հայերեն լուսագրերով: Ֆիլմերը շատ լավն են լինելու, օտար լեզու սովորողը շատ կուզենա նայել բնօրինակ ֆիլմեր:

«Տնտեսությունն այնպիսի ողբալի վիճակում է, որ մենք ռեյտինգի հարց էլ չունենք, ռեյտինգ ունենաս, չունենաս, միեւնույն է` գովազդատու չկա… Բացի այդ, մենք գիտենք, թե որերորդ ենք եւ համակիրների ինչ մեծ բանակ ու լսարան ունենք: Այսօր նաեւ սոցիալական ցանցերն են «գողացել» գովազդը: Հեռուստատեսությունների համար ծանր ժամանակաշրջան է, պայքարի ժամանակաշրջան, ապրելու ժամանակաշրջան: Մենք մի սկզբունք ունենք` մեր փոքր, բայց կարեւոր թիմով, եթե դու աշխատում ես եւ հարգում ես քո աշխատանքը, պարտավոր ես չիջեցնել քո աշխատանքի որակը: Ես շատ ուրախ եմ, որ հայկական հեռուստատեսության դաշտում ստեղծել ենք մի կոնտենտ, որը մինչ այս չի եղել եւ չկա այլ երկրների հեռուստակոնտենտներում: Ու մենք հավատարիմ ենք մնալու մեր ընտրած` դոկումենտալիզմի ոճին: Նաեւ ստեղծելու ենք դոկումենտալ ֆիլմեր: Հիմա շարք ենք սկսել 4-5 մասանոց` Գյումրին: Թե սցենարիստի, թե ռեժիսորի առաջ պայման է դրված` ֆիլմը պետք է չզիջի BBC-ի որակի դոկումենտալիզմին: Չգիտեմ՝ ինչքանով կհաջողվի, բայց երբ բարձր նշաձող ես դնում, որ գոնե դրանից մի քիչ ցածրը կարողանում ես ստանալ: Մի հրաշալի ֆիլմ ենք արել` Խորեն Աբրահամյան, որը նույնպես կլինի նոր եթերաշրջանում:

Մի նորամուծություն էլ կա` բոլորիս ականջներին «նստած» է, որ անոնսները պետք է տղամարդ կարդա Լեւիտանի ձայնով, ասի` շուտ արեք, միացրեք, մենք լավագույնն ենք: Մենք մի օր որոշեցինք, որ հոգնել ենք այդ արտադրանքից եւ պետք է ոչ թե պարտադրել, այլ զրուցել հեռուստադիտողի հետ, եւ թող զրուցողը լինի կին: Նոր եթերաշրջանում մեր անոնսները կարդալու է Կարինե Ջանջուղազյանը: Կա թերթային լեզու, գրական լեզու եւ հեռուստատեսային լեզու, բայց այդ հեռուստատեսային լեզուն «Կարգին հաղորդում»-ները չեն, այլ մեր լուրերի լեզուն է` պարզ, մատչելի խոսում ես մարդու հետ, ոչ մի ավելորդ բառ ու ածական… Հեռուստադիտողի հետ մեր կոնտակտը փոխադարձ հարգանքի վրա է»,-ասում է մեր զրուցակիցը:

Նշում է, որ իրենց արտադրանքն անվճար տրամադրում են նաեւ մարզային հեռուստաընկերություններին. «Օրինակ, առանց գումարի տվել ենք մեր դոկումենտալ ֆիլմերը, «Մեզանից մեկը», որովհետեւ ուզում ենք, որ այդ արտադրանքը գյուղերում էլ հասանելի լինի, չէ՞ որ մենք Երեւանում ենք ծածկույթ ապահովում, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով հանրապետական չենք, բայց մեր լավագույն արտադրանքը չենք դնում «մեր տակ» եւ նստում, տալիս ենք մարզայիններին, ասում ենք` թող Համո Սահյան, Ռազմիկ Դավոյան լսեն, Սոս Սարգսյանի ֆիլմը նայեն, եթե մյուսները ցույց չեն տալիս, դա չի նշանակում, որ գյուղացին չպետք է նայի: Ես հասկանում եմ, որ ցանկացած իշխանության ձեռնտու է չմտածող հասարակություն, բայց մենք ժողովրդի համար չենք աշխատում, աշխատում ենք ազգի համար: Ինձ համար այդ երկու հասկացություններն արդեն տարանջատվում են… Մենք ուզում ենք աշխատել ազգի մտածող հատվածի համար: Իհարկե, ամեն խմբագրություն ունի իր քաղաքականությունը, բայց հեռուստադիտողն է որոշում ինչ ընտրի:

Շատ կարեւոր է շեշտել, որ մեր արտադրանքների 90 տոկոսի երաժշտությունը գրում է մեր հնչյունային ռեժիսորը` Թաթոս Հակոբյանը, որը տաղանդաշատ մարդ է: Մեզ մոտ շատ են երիտասարդները, ամենակարեւորն էլ այն է, որ իրենց պետք է վստահես եւ չմիջամտես»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930