Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ժամանակներին նոր սիրտ է հարկավոր

Սեպտեմբեր 15,2021 13:30

82-ամյա Թամարա Արմենակի Նազարյանին, քանի դեռ Արցախում չէ, շատերն են տեսել Երեւանում: Լուսանկարից կհիշեք նրան:

1992 թվականից նա աշխատել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամութի դպրոցներում, դասավանդել է մաթեմատիկա: 1992-1994 թվականներին Արանզամինի կամավորական ջոկատի եւ Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Ասկերանի (Արանզամին, Նախիջեւանիկ), Աղդամի (Աղդամ, Շելլի, Աթափլու եւ այլն) շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Վարազաթումբը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է: 1994 թվականի փետրվարի 11-12-ին ռազմական գործողություններն ընթացել են գլխավորապես այս տարածքում։ Փետրվարի 12-ին հայկական ուժերին հաջողվեց վերահսկողություն սահմանել Վարազաթմբի բլուրի շրջակայքում, իսկ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում այն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Թամարա Նազարյանը ստացել էր կոնտուզիա, երկրորդ խմբի հաշմանդամ է, ունի մարմնին բազմաթիվ բեկորներ…

Ստացել է ցնցակաթված, վիրավորվել ոտքից, ձեռնամարտի ժամանակ 1991թ. հոկտեմբերի 6-ին ձախ քունքից ստացել է վնասվածք:

Այս օրերին Թամարա Նազարյանը մանկավարժ քրոջ՝ խնամակալ Նադյայի տանն է: Նադյան էլ դպրոցում էր աշխատում, աշխատանք այլեւս չունի: Թամարան, քանի որ գրանցվել է քրոջ՝ Վեդիի հինգերորդ հարկում գտնվող բնակարանում, դիմել էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Վեդիում իրենց ընտանեկան հողակտորի վրա հատկացնեն տնակ՝ դոմիկ, մահվանից հետո վերադարձնելու պայմանով. դժվարանում է հինգերորդ հարկ բարձրանալ-իջնել… Վեդիի քաղաքապետարանը մերժել էր նրա խնդրանքը. «Քաղաքապետարանը միջոցներ չունի ձեռք բերելու» պատճառաբանությամբ:

«Առավոտին» երեկ տիկին Նադյան հայտնեց, որ պաշտպանության նախարարությունից՝ ԶԱ ՍՊ եւ ՎՀ գլխավոր վարչության պետ Ա. Ավետիսյանից ստացել է հետեւյալ պատասխանը. «ՀՀ վարչապետին ուղղված դիմումը վերահասցեագրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ վետերանների հարցերով գլխավոր վարչություն: Թամարա Արմենակի Նազարյանը, որպես 2-րդ խմբի զինհաշմանդամ, հաշվառված չէ ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային մակերեսի կարիքավորների հաշվառման հերթացուցակում:… Համայնքի ղեկավարը հաշվառման է վերցնում այն շահառուներին, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երեւան քաղաքում, առնվազն վերջին 10 տարում, իսկ այլ բնակավայրերում՝ առնվազն վերջին 5 տարում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930