Ադրբեջանական զինված ծառայողների ներկայության պայմաններում սահմանազատումն առաջ կբերի իրավունքների նոր խախտումներ. ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել եմ Եվրամիության հատուկ ներկայացուցչին
Այսօր ընդունել եմ Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
Ներկայացրել եմ հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:
Կարդացեք նաև
Նշել եմ, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:
Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ նշել եմ, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:
Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Ներկայացրել եմ Սյունիք կատարած վերջին այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը, որի հետևանքով անձամբ եմ համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է:
Մասնավորապես, Սյունիքից Երևան վերադառնալիս Մ2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնել էինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ծառայողներ են տեղակայված:
Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատել էին քաղաքացիական մեքենաները, անմիջապես մտել էի շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկել՝ պարզելով մեր ուղղությամբ:
Ընդգծել եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Հանդիպման ընթացքում բարձր եմ գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, անձամբ դեսպան Անդրեա Վիկտորինի կարևոր դերը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման գործում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան