«Թեև գործող օրենսդրությամբ՝ համայնքն ունի իր սեփական բյուջեն. հավաքագրում է տեղական հարկեր, տուրքեր և ավագանու որոշմամբ ինքն է տնօրինում համայնքի բյուջեն, սակայն այն կառուցվածքը, որի միջոցով ձևավորվում է համայնքի բյուջեն, գրեթե հնարավորություն չի տալիս համայնքին սեփական որոշմամբ իրականացնել համայնքային զարգացումը»,-«Ապրելու երկիր» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նա վստահեցրեց՝ աշխատելու են այն ուղղությամբ, որպեսզի բարձրացնեն համայնքների ֆինանսական ինքնուրույնությունը: Այնուհետև հայտնեց՝ պատրաստվում են քննարկումներ ծավալել համայնքների ֆինանսավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հասկանան այն լավագույն մոդելը, որը հնարավորություն կտա համայնքներին նույնպես ակտիվ ներգրավվել ներդրումների իրականացման, զարգացման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով համայնքի համար բյուջետային մուտքերի ավելի մեծ ծավալ, ինչն էլ հնարավորություն կտա սեփական որոշումներով իրականացնել զարգացման խնդիրներ. «Համայնքի համար բյուջետային մուտքերից է անշարժ գույքը՝ գույքահարկը, որը գրեթե բոլոր համայնքներում փոքր մաս է կազմում: Շատ հաճախ խնդիր է առաջանում դրա հավաքագրման հետ կապված, քանի որ այն պասիվ հարկ է»:
Մեսրոպ Առաքելյանը հավաստիացրեց՝ այն համայնքներում, որտեղ կունենան ներգրավվածություն, կիրականացվեն կոնկրետ քայլեր, որպեսզի բացի Երևանից և հարակից շրջաններից, ներդրումները գնան նաև սահմանամերձ համայնքներ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ