Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերագնահատելով համայնքների զարգացումը և անվտանգության կարևորությունը՝ մենք ձախողել ենք ամբողջ պետության զարգացումն ու անվտանգությունը». Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 14,2021 20:40

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, և կորցրած յուրաքանչյուր օր մեզ համար դառնում է ճակատագրական, ինչի մասին վկայում են վերջին ամիսների իրադարձությունները»,-«Ապրելու երկիր» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

Նա հավաստիացրեց՝ իրենց համար կարևոր է աշխատանքի միջոցով արդյունքներ գրանցելը և այդ տեսանկյունից ելնելով էլ կարծում են՝ պետք է խոսել ժողովրդի հետ աշխատանքի միջոցով:

Մանե Թանդիլյանն ահազանգեց՝ որևէ բանի այլևս ոչ ժամանակ, ոչ ռեսուրս ունենք:

Նա ասաց՝ մասնակցության հայտ են ներկայացրել ՏԻՄ ընտրություններին, քանի որ այն առանցքային կարևորություն ունի իրենց համար: Այս առիթով մանրամասնեց. «Արձանագրել է պետք այն պարզ, սակայն այդքան թերագնահատված ճշմարտությունը, որ մեր երկիրը, պետությունը բաղկացած է առանձին համայնքներից: Այդ համայնքների զարգացումը, բարեկեցությունը անվտանգությունը ի վերջո հանգեցնում է մեր ողջ պետության զարգացմանը, բարեկեցությանը և անվտանգությանը: Մինչդեռ թերագնահատելով համայնքների զարգացումը և անվտանգության կարևորությունը՝ մենք արդյունքում ձախողել ենք ամբողջ պետության զարգացումն ու անվտանգությունը: Միայն ուժեղ համայնքն է կարողանալու ապահովել կայուն ու զարգացած պետության հեռանկար»:

Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ ուժեղ համայնքն է իրականում պետության հիմնասյունը, իսկ համայնքը ուժեղ է այնտեղ ապրող մարդկանցով:

Հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքներում:

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Մենք տեր ենք կանգնելու մեր սահմանամերձ համայնքներին թե′ զարգացնելու, թե′ պաշտպանելու նպատակով: Հասկանում ենք, որ անվտանգության ապահովման հարցն իշխանությունների հարցն է, բայց, միևնույն ժամանակ, տեղի կազմակերպչական հարցեր կան, որոնք համայնքը կարող է և պիտի ստանձնի: Կարևոր եմ համարում տեղում ապրող բնակիչների կարողությունների զարգացումը, ինչին բազմաթիվ ծրագրեր են միտված լինելու»:

Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ քարոզարշավի ընթացքում նաև պայքարելու են անտարբերության դեմ. «Մենք հասկանում ենք, որ այն հոգեվիճակում, որում մեր քաղաքացիներն են գտնվում, այն չի տրամադրում ընտրական գործընթացների, այն հռետորաբանությունն ու քաղաքական լարվածությունը, որ կա երկրում, մարդկանց ամեն օր հուսահատեցնում է: Մինչդեռ մեր հուսահատ վիճակով կարող ենք վտանգել մեր պետության գոյությունը: Պետք է մարդկանց հանել այդ վիճակից»:

Նա նաև կարևորեց կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ու ամփոփեց. «Կանանց մասնակցությունը մեզ համար քվոտա չէ, այլ բովանդակային նշանակություն ունի: Կանանց պոտենցիալի կիրառումը բերելու է երկարաժամկետ զարգացման և անվտանգության ապահովման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930