Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀՀԿ ավագանու թեկնածուների ցուցակում մեծ մասամբ նոր դեմքեր են՝ ինչպես կուսակցության անդամներ, այնպես էլ՝ անկուսակցականներ։ Ցուցակը բաղկացած է 33 թեկնածուներից, ընդգրկված են մեծ թվով երիտասարդներ։
Նոր դեմքեր ընդգրկելու մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր նաև ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն՝ Արտյոմ Ղուկասյանը։
Ցուցակում տարբեր մասնագետներ են՝ իրավաբան, ֆինանսիստ, հաշվապահ, շախմատի մարզիչ, գրադարանավար, փոստատար, ՀԷՑ-ի ճարտարագետ, ռեժիսոր-սցենարիստ, նաև ուսանող։
Թեկնածուներից 16-ը չեն աշխատում, նրանցից մեկին՝ ՀՀԿ-ական Տիգրան Աթոյանին, որը ԱԱԾ նախկին աշխատակից Երվանդ Աթոյանի որդին է, ԱԺ ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար ստիպել էին դիմում տալ ու ազատվել Շիրակի մարզի մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնից։
Կարդացեք նաև
Ցուցակում ընդգրկված է նաև Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն, հնաբնակ ՀՀԿ-ական Նարինե Մեսրոպյանը։
Ցուցակի առաջին համարում 49-ամյա Արտյոմ Ղուկասյանն է, որն անհատ ձեռներեց է, նա եղել է Ազգային ժողովի պատգամավոր, տարբեր պաշտոններ զբաղեցրել Գյումրու քաղաքապետարանում, եղել է նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալ։
Ցուցակի երկրորդ տեղում 32-ամյա Նարեկ Միրզոյանն է՝ ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրի ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ։ Նարեկ Միրզոյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա որպես իրավաբան աշխատել է Շիրակի մարզի մաքսային ծառայությունում, այնուհետ Շիրակի պետական համալսարանում, դասավանդել է ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Երրորդ տեղում անկուսակցական Հասմիկ Մարգարյանն է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պատկանող Ակադեմիական վարժարանի օպերատոր։
Ցուցակի 4-րդ տեղում Արտյոմ Կոշտոյանն է, աշխատում է ՀՀԿ-ի գրասենյակում։ Նա գյումրեցի չորրորդ սերնդի արծաթագործ Ցոլակ Կոշտոյանի որդին է։ Էրզրումից Ալեքսանդրապոլ գաղթած Կոշտոյանների գերդաստանը զարդագործության մեջ սերնդեսերունդ օգտագործում է իրենց ընտանիքի ստեղծագործած հայկական զարդանախշերը։
Թեկնածուների շարքերում է նաև Դավիթ Ավետիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի որդին, որն աշխատում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում՝ որպես ճարտարագետ։
Ցուցակում ընդգրկված է նաև Արման Ավդալյանը՝ շախմատի հայտնի մարզիչ, նա 14-րդ համարում է։ Կան փորձառու մասնագետներ Հ/Կ ոլորտից․ օրինակ՝ Վահե Թագվորյանը։ Նա հին կուսակցական է, համակարգել է նաև Շիրակի մարզի երիտասարդական հիմնադրամը, նրա որդին՝ Գրիգոր Թագվորյանը, նահատակվել է 44-օյա պատերազմում, հետմահու պարգևատրվելով։
Ցուցակի 10-րդ համարը զբաղեցնող Արտակ Հայրապետյանն էլ աշխատում էր Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնում, քաղաքում հայտնի ֆինանսիստ է։ Նա այժմ «Սպիտակ երիցուկ» հ/կ-ի հաշվապահն է։ Ցուցակում կա նաև ներկայացուցիչ Մայր Աթոռից․ ցուցակի 15-րդ համարը զբաղեցնող Մարիամ Ջանոյանը Մայր Աթոռի Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ