Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել»

Սեպտեմբեր 14,2021 21:01

Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգային ժողովի 2021թ. սեպտեմբերի 14-ի նիստում

«1999 թվական: Վազգեն Սարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջեւ: Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն, հանձնարարում է Վազգեն Սարգսյանը:

Մի շաբաթից կանչում է՝ զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը զեկուցում է՝ իմ ցանկում հինգ հոգի էր: Չորսի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց ենք կազմել, կվճարեն: Հինգերորդին հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ էսպես-էսպես, պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ… Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Վազգեն Սարգսյանը: Այո, այդպես էլ ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում: Բարեւ ձեզ, պարոն վարչապետ, ասում է նախարարը: Բարեւ ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։ Մյուսն էլ է բարեւում: Վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի: Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ,  պետության մերն էլ… Մյուսը փորձում է՝ թույլ կտաք, պարոն վարչապետ… Չկա, վրան չի նայում, գոյություն չունի: Դուք ուժային նախարար եք, չէ՞: Այո, պարոն վարչապետ:

Գնդակահարել:  Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Հատակը, կարծեմ, թաց է: Կատարել, պարոն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը, ազատ եք: Նախարարը շրջվում է՝ դուրս գա: Էս աղբն էլ հետդ տար, ասում է Վազգեն Սարգսյանը: Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր:

Զի՞նչ ցուցանե պատմությունս: Անցել է 22 տարի: Մարդիկ դուխավորվել են: Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին: Մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ: Ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։

Ձեզ տղա դառնալու համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե խառնել եք՝ ինչ է պետությունը, ինչ է բիզնեսմենը:

Սա հարցի մի կողմն է: Երկրորդն էլ կա:

Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում: Հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության: Իրականում՝ հանուն փողի եւ իշխանության:

Միջանկյալ մի հարց էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաեւ Հայաստանի կառավարություն:

Չեք հաջողելու ոչնչացնել սիմվոլները։ Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։

Այս կարճ խոսքի մեջ ես տասնմեկ անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝Ռոբերտ Քոչարյանի։ Այս երկու և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են։ Լսեք այս անունները։

Որ սրանից հետո տասներեք անգամ մտածեք խոսելուց  առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930