Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյան․ «Երեւանի համար ներդրումային վերջին ծրագիրը եղել է 2016 թվականին»

Սեպտեմբեր 14,2021 19:20

Երեւանի ավագանու հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը Երեւանի ջրմուղկոյուղու համակարգին անդրադարձավ, նշելով՝ համակարգը  կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին, որից հետո արդիականացում տեղի չի ունեցել, համակարգը  կառուցվել է որոշակի ծավալի շենքերի եւ բնակչության համար, որից հետո շենքեր են ավելացել։ Պարոն Գալստյանն ասաց, որ համակարգի արդիականացումը պետք է քաղաքապետարանի հատուկ ուշադրության տակ պիտի լինի, եւ խնդրի լուծումը քաղաքային իշխանությանն է։

Տիգրան Գալստյանի մտահոգությանը պատասխանեց քաղաքապետի խորհրդական, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նա ասաց, որ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը, ինչպես նաեւ ամբողջ հանրապետությանը, աղբյուրներից սկսած՝ մագիստրալ ցանց, ներքին բաշխիչ ցանց, օրվա կարգավորիչ ջրամբարներ, պոմպակայաններ պետական սեփականություն է, եւ գոյություն չունի  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող համակարգ․«Պետությունը 15 տարով վարձակալության է տվել «Վեոլիա ջուր» ընկերությանը պահպանման եւ շահագործման համար, նաեւ՝ պարտադիր կապիտալ ծախսերի ծրագրով արդիականացում։ Այս պայմանագրով «Վեոլիա ջուր»-ն ընդլայնում չունի, այսինքն՝ ունենք չկոյուղացված թաղամասեր, «Վեոլիա ջուր»-ը պարտավորություն չունի։ Երեւանի ջրամատակարարման, ջրահեռացման, նաեւ չկոյուղացված թաղամասերի, կիսատ ջրամատակարարում ունեցող թաղամասերի խնդիրը կարող է լուծվել պետական ներդրումային ծրարերով, համայնքային բյուջեն այդպիսի բեռ չի կարող տանել»։

Կամո Արեյանը վստահեցրեց՝ որոշ հատվածներում, որտեղ ջրահեռացման համակարգը շատ խաթարված է, եւ չնայած դա պետական բյուջեով լուծվելիք հարց է, համայնքային բյուջեի հաշվին աշխատանքներ են տարել, եկող տարի էլ են նախատեսում․«Բայց մեծ ծավալների աշխատանքները համայնքային բյուջեով անհնար է կատարել։ Վերջին ներդրումային ծրագիրը եղել է 2016 թվականին ավարտված ծրագիրը, դրանից հետո մայրաքաղաքի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի արդիականացման որեւէ ներդրումային ծրագիր չի եղել»։

Նա ասաց, որ միակ ծրագիրը Նոր Խարբերդ թաղամասի համար տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծվում է ջրամատակարարման նոր  համակարգ, բայց անգամ քաղաքի կենտրոնում լուրջ խնդիրներ կան։

«Շատ գերատեսչություններ քաղաքապետին նամակ են գրում՝ քաղաքային ենթակայության այսինչ կոյուղին․․․ չկա նման հասկացություն, ամբողջը պետական է։ Կոյուղատար եւ հեղեղատար համակարգը հանձնված է «Վեոլա ջրին»՝ պահպանման եւ շահագործման։ Հույս դնել մեր բյուջեի վրա՝ իրատեսական չէ»։

Թե որքան գումար անհրաժեշտ կլինի համակարգը «խելքի բերելու» համար, պարոն Արեյանն ասաց՝ ամբողջ Երեւանի համար վերջին տարիներին փաստացի գույքագրում, գնահատում արված չէ, ընդ որում, մայրաքաղաքում կան թաղամասեր, որոնք խորհրդային տարիներից կոյուղի չունեն․«Խնդիրը միշտ էլ ներկայացվել է՝ բյուջետային քննարկումների ժամանակ, տարածքային զարգացման հիմնադրամի քննարկումների ժամանակ։ Մենք խնդիրը ներկայացնում ենք կառավարությանը, մնում է, որ ներդրումային ծրագրերում ներառվի նաեւ  Երեւան քաղաքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930