«Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանին Ազգային ժողովում գործի են տեղավորել: Նա հիմա ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականն է: Ընդգծենք, որ խոսքը ԱԺ նախագահի օգնականի հաստիքի մասին չէ, այլ՝ պատգամավորի օգնականի:
Այնուամենայնիվ, Հայկ Ստեփանյանին ԱԺ-ում աշխատանքի տեղավորելը Ալեն Սիմոնյանի կողմից անսպասելի էր, քանի որ վերջինս, երբ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն էր զբաղեցնում, անընդունելի էր որակել «Հեղափոխության պահապաններ» խմբի գործողությունները:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ «Հեղափոխության պահապանները» մի տղամարդու ստիպում էին ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ոստիկանությունում դրա հետ կապված նյութեր նախապատրաստվեցին, ՔՊ-ից դատապարտող հայտարարություններ հնչեցին:
Տեսանյութի բարձրացրած աղմուկից հետո Հայկ Ստեփանյանը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, այս երկրի դեմքը», եւ որ նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն։
Կարդացեք նաև
Վայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «Հեղափոխության պահապանների» գործունեությանը՝ դատապարտել էր այն. «Երկու օր է՝ ես անընդհատ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են եւ այդպիսի գործողություններ են անում, այսինքն՝ մեր անունից չեն անում, իրենց անունից են անում, բայց ի պաշտպանության մեզ, ի պաշտպանություն ինձ»:
Հիմա, ինչպես տեսնում ենք, իրավիճակ է փոխվել ու հայհոյողը գնահատվել է: Ի դեպ, հայհոյելու հետ կապված քրեական գործն էլ կարճվել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ