ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր՝ մեր գերիները մեզ կներեն, եթե Ադրբեջանում մեկ-երկու ամիս ավել մնան։ Ապա` Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ պայմաններում են պահել հայ ռազմագերիներին Ադրբեջանում։
Հիշեցնենք, որ այդ տվյալներն օրերս հրապարակել էր ՀՀ ՄԻՊ-ը եւ ուղարկել միջազգային կառույցներին, եւ պատգամավորը կարդում էր հենց այդ մանրամասները։ Երբ Աննա Մկրտչյանն ավարտեց ելույթը եւ իջավ ամբիոնից, իշխանական խմբակցության շարքերից հետեւյալ նախադասությունը լսվեց․ «Ծնողները բողոքում են, որ նման բաները․․․»։
Ուշագրավ է, որ հաջորդիվ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես էլ չհասկացա, թե այդ հնարած տեսարաններն ինչի էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։ Աննա Մկրտչյանը տեղից պատասխանեց, սակայն լսելի չէր, թե ինչ, իսկ Ալեն Սիմոնյանն իր հերթին պատասխանեց․ «Գիրք կարդա՝ կհասկանաս»։
Կարդացեք նաև
Քիչ անց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց․ «Ճիշտն ասած չհասկացա, թե ինչու էր տիկին Մկրտչյանը մանրամասն նկարագրում մեր գերիների հետ կատարվելիքը Բաքվում։ Ամենայն հավանականությամբ, նա չի շփվում գերիների հարազատների եւ վերադարձած գերիների հետ։ Գերիների եւ նրանց հարազատների անունից խնդրում եմ, որ հնարավորինս քիչ շահարկվի նրանց անունը, առավել եւս՝ պահման պայմանները, որովհետեւ դա խանգարում է գերիների վերադարձի գործընթացին»։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աննա Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանի ասածի հետ կապված հարցադրմանն արձագանքելով, ասաց․ «Ոչ միայն չեն զբաղվում գերիների հարցով, այլեւ իրենց նյարդայնացնում է այն հանգամանքը, որ ՄԻՊ-ը կարողացել է ամբողջական պատկերը ներկայացնել հայերի հանդեպ Բաքվի բանտերում խոշտանգումների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ