Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրինա Ծատուրյան. «Ստացվում է, որ մեզ նույնիսկ սուգը մեկ տարի պահելը արգելվեց»

Սեպտեմբեր 14,2021 17:47

Հոգեբան Իրինա Ծատուրյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն կազմակերպելու նպատակը: Նա ամենահավանական տարբերակ համարում է ազգային արժեհամակարգերի դեմ հայտարարված արշավը: «Ամենամեծ վտանգն այն է, որ մեր ազգային ավանդույթներն են սկսում թուլանալ: Հայերը հայտնի են նաեւ նրանով, որ գիտի ննջեցյալի հիշատակը հարգել եւ սուգը պահում է մեկ տարի: Մենք ապրել ենք այն Հայաստանում, որտեղ եթե անգամ մի ընտանիքում հարսանիք, կնունք էր լինելու, եթե հարեւանի տանը սուգ էր, այդ արարողությունը նշում էին համեստ, իսկ մինչ այդ, հարգելով հարեւանի սուգը՝ ներողություն խնդրելով նրա համաձայնությունն էին ստանում:

Մենք ի՞նչ տեսանք այս մի տարվա մեջ: Մինչեւ նոյեմբերի 9-ը համացանցում մարդիկ հիմնականում տեղադրում էին մեր զինվորների նկարները, իսկ նոյեմբերի 9-ից հետո աննկատ սկսեցին գերակայել առավոտյան սուրճի, խմորեղենների, դրանց պատրաստման դեղատոմսերի ու նման բաների հրապարակումները: Գուցե, մեկ էլ նոր տարուն մի քիչ սգացինք, որովհետեւ դա պատերազմից հետո առաջին նոր տարին էր: Մարդիկ այցելում էին զոհված զինվորների հարազատներին, մխիթարանքի խոսքեր ասում: Իսկ ավելի ուշ մենք արդեն սկսեցինք ականատես լինել ճոխ հարսանիքների ու արարողությունների: Ես ապշած եմ: Համենայն դեպս կարելի էր չէ՞ համբերել մինչեւ սեպտեմբերի 27-ը կամ նոյեմբերի 9-ը, որ գոնե հազարավոր զոհերի հիշատակի մեկ տարին անցներ»,-ասում է հոգեբանը եւ նշում, որ հետաքրքրվել է, թե տարբեր ազգեր ինչպես եւ որքան են սուգ պահում: Եվ պարզել, որ երկրներ կան, որտեղ սուգը պահում են հինգ տարի:

«Մահացածի, զոհվածի հիշատակը հարգելը նաեւ քրիստոնեական ավանդույթ է: Մենք մեզ համարում ենք քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը, ազգը, սակայն այսօր այդ ավանդույթները մահանում, գնում ու մոռացվում են: Եվ ստացվում է, որ մեզ նույնիսկ սուգը մեկ տարի պահելը արգելվեց: Կարելի էր գոնե այս տարի չորսօրյա հանգիստ ունենալու փոխարեն Մեռելոցը հայտարարել ոչ աշխատանքային օր, որպեսզի պատերազմում զոհված մեր հերոսների հարազատները, բարեկամները, ընկերները կարողանային ցերեկով այցելել շիրիմներին: Ճիշտ է, մարդիկ, այնուամենայնիվ այցելեցին, սակայն դրան պետական մոտեցում չտրվեց»,- «Հայելի» ակումբում նշեց տիկին Ծատուրյանը:

Նա նաեւ ցավով արձանագրեց, որ նույնիսկ պատերազմում հաշմանդամություն ստացած հերոս տղաները, ասես, աստիճանաբար մոռացության են մատնվում: «Մեր հերոսների մասին հաղորդումներ գրեթե չեն կազմակերպվում, նրանց համար ակումբներ չեն ստեղծվում, դպրոցներում նրանց հետ հանդիպումներ չեն կազմակերպվում: Ավելի լավ էլ ո՞վ, քան պատերազմի մասնակից տղաները կարող են դպրոցահասակ երեխաների մեջ իսկական հայրենասիրություն սերմանել: Բայց արի ու տես, որ նրանք կամաց-կամաց մոռացության են մատնվում: Սա սխալ ուղղություն է: Մենք մեր ազգային ավանդույթները պետք է շարունակենք պահել»,- եզրափակեց Իրինա Ծատուրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930