Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է. Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 14,2021 17:43

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի համար Սլովակիան կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում՝ այս համատեքստում ընդգծելով հայկական կողմի շահագրգռվածությունը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման առնչությամբ։

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու և ամրապնդելու առկա բազմաոլորտ համագործակցությունը: Այդ առնչությամբ կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը, միջխորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության առաջմղումը։

Նախարարներ Միրզոյանն ու Կորչոկը, որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և գիտության ոլորտները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող համարվել կարգավորված»։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Նույն օրն առավոտյան նախարար Միրզոյանի ուղեկցությամբ Սլովակիայի ԱԳ նախարար Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930