Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին

Սեպտեմբեր 14,2021 17:31

Արմենպրես. Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», – «Արմենպրես»-ին փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, թուրքական «Yeni Şafak»-ի հաղորդմամբ, մեկնաբանել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ին լրագրողներին տված այն մեկնաբանությունը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և հետևաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», – լրագրողների հետ զրույցում ասել էր ԱՄՆ դեսպանը:

Մեկնաբանելով այս խոսքերը՝ Աբդուլաևան «Trend» լրատվական գործակալությանը ասել է, թե ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը «անընդունելի է»:

«Այդ տարածքները («Արևելյան Զանգեզուրը և Ղարաբաղը») Ադրբեջանի անքակտելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե ամերիկյան կողմի նմանատիպ հայտարարությունները «խաթարում են» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ապագան:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930