ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել գիտական էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ համագործակցության ուղիները, Կառավարության նոր ծրագրում գիտության դերի բարձրացմանն ուղղված քայլերը, 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված հատկացումների ծավալը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և կարևորել հանդիպման ձևաչափը: Նախարարը հետաքրքրվել է «Գիտուժ» նախաձեռնության նպատակի, անելիքների և գործունեության մասին: Ըստ նախաձեռնության անդամների՝ իրենց նպատակն է պետության զարգացման ճանապարհը դարձնել գիտությունը, ստեղծել մրցունակ գիտական էկոհամակարգ, զարգացնել այն, խթանել ներդրումային ծրագրերը:
Վահրամ Դումանյանն առանձնակի կարևորել է գիտության զարգացման դերը և նշել, որ պետության նպատակն է հնարավորության սահմաններում հավասար և արդյունավետ բաշխում կատարել բոլոր բնագավառներում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է. «Ի թիվս այլ խնդիրների՝ գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը: Շատ կարևոր է պետական բյուջեի հատկացումները ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը»:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ անհրաժեշտության հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ