«44-օրյա պատերազմում շատ երիտասարդներ զոհվեցին, շատերը դարձան հաշմանդամ: Երեւանի քաղաքապետարանը պետք է լինի նրանց կողքին, որպեսզի նրանց երազանքի լույսը աչքերում չմարի»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը (լուսանկարում): Նրա խոսքով, պատերազմի արհավիրքի պատճառով այդ տղաներն ունեն աշխատանքի խնդիր եւ այդ հարցը պետք է լինի Երեւանի քաղաքապետարանի օրակարգային ամենակարեւոր հարցերից մեկը:
«Քաղաքապետարանն ունի մի շարք ՊՓԸ-ներ, ՀՈԱԿ-ներ, վարչական շրջաններում աշխատակազմեր եւ հիանալի կլինի, եթե քաղաքապետարանն աշխատանքի ընդունի այդ երիտասարդներին: Քաղաքապետարանը պետք է ոչ միայն հոգա բնակֆոնդին վերաբերող եւ սոցիալական աջակցության հարցերը, այլ ապագայում նրանց հացի խնդիրը լուծելու հարցը»,-ասաց ավագանու անդամը՝ դիմելով Հայկ Մարությանին: Լիլիթ Կիրակոսյանը քաղաքապետին հորդորեց այս հարցերում ավելի ճկուն լինել կառավարության հետ եւ հասկանալ՝ բացի հոգեբանական, մթերքի օգնությունից՝ է՛լ ինչով կարող է աջակցել տղաներին:
«Միանում եմ ձեր խոսքերին, ուզում եմ հավաստիացնել, որ այդ եւ այլ հարցեր մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Նաեւ այն տղաների, նրանց ընտանիքների խնդիրները, որոնք զոհվել են պատերազմի ընթացքում»,-ասաց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հիշեցրեց, որ պատերազմից հետո որոշում են կայացրել, որ աշխատակազմը պարգեւավճարները չի ստանալու եւ այդ տնտեսված մեկուկես միլիարդ դրամն ուղղվելու է այդ խնդիրները լուծելու համար: Հայկ Մարությանն ասաց նաեւ, որ գույքագրել են այն բազմաբնակարան շենքերը, որտեղ ապրում են վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած տղաները, որոնց շենքերի վերելակներն առաջնահերթ են փոխարինվում: Ասաց, որ այլ տնտեսումներ էլ ունեն, եւ առաջնահերթություն կտան այն շենքներին, որտեղ բնակվում են վիրավորում եւ հաշմանդամություն ստացած տղաները:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը խոստացավ կադրային հարցերում էլ ճկուն լինել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ