Լրահոս
Օրվա լրահոսը

«Չայզամիի մասի՞ն է խոսքը… Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի կազմում». Էդուարդ Աղաջանյան

Սեպտեմբեր 14,2021 16:06

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական տեղանուններ էր օգտագործել, դուք ասել էիք, որ դա արել է՝ ընդգծելու համար, որ հայկական տարածք չեն ներխուժել, հիմա էլ ԱԱԾ-ն է հաղորդագրության մեջ ադրբեջանական տեղանունները օգտագործել, այս պարագայում է՞լ է այդպես: Այսօր լրագրողներն ԱԺ-ում այս հարցն ուղղեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Հիշեցնենք, որ խոսքը Որոտանում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱԱԾ-ի հաղորդագրության մասին է:

Աղաջանյանը պատասխանեց. «Չայզամիի մասի՞ն է խոսքը: Այդ լիճը, որը մեր տարածքում է, Չայզամի է անունը: Իրենք տեղակայված են նույն այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել էր, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել: Այնտեղ ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը»:

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում:

Աղաջանյանի խոսքով՝ դրանք այն ելակետային դիրքերն են, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը. «Ըստ Սովետական միության համապատասխան քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, ճանապարհի այդ հատվածը գտնվում է Սովետական Ադրբեջանի մեջ: Իրենք տեղակայված են այդտեղ, ոչ թե ըստ այդ քարտեզի՝ հայկական կողմում ու ձեւակերպումը պայմանավորված է դրանով»:

Հարցին՝ ինչո՞ւ եք սովետական քարտեզով առաջնորդվում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Բա ի՞նչ քարտեզ կա ձեր կարծիքով: Սահմանազատման գործընթաց չի սկսվել, երբ որ կսկսվի, հստակեցումները կտրվեն»:

Աղաջանյանը վստահ է, որ ադրբեջանական տեղանունների օգտագործումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների վրա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որ Որոտանի այդ հատվածում զսպվեն ադրբեջանական կողմի ոտնձգությունները՝ Աղաջանյանը պատասխանեց, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել են. «Մեր դիրքորոշումն է, որ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, որ իբր կողմ է երկարատեւ խաղաղության գործընթացի մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում ու էսկալացնում իրավիճակը: Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես նաեւ մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի: Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն բոլոր ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»:

Հարցին՝ Գորիսի միջպետական ճանապարհը հակառակորդը փակեց, հետո այն բացվեց, գինը այդ հենակետե՞րն էին, ինչ բանակցություններ եղան՝ Աղաջանյանը վստահեցրեց, որ ճանապարհը բացել են «ոչ մի բանի դիմաց» ու հենակետեր տեղադրվելու պայմանավորվածություն չի եղել. «Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական կողմից, դա ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը առաջին հերթին ներհայկական իրականության մեջ եւ ընդհանրապես դրա հետ կապված որեւէ օրակարգ»:

Հարցին՝ եթե ինքը խաղաղություն չի ուզում, ինչո՞ւ ենք մենք այդ օրակարգը առաջ տանում՝ Աղաջանյանը պատասխանեց. «ՀՀ ռազմական գերատեսչությունը ամենօրյա ռեժիմով կատարելագործում է, վերակազմակերպում է պատերազմից հետո առաջացած խնդիրներից հետո եւ մշտապես իր գործառույթներն իրականացնելու է համապատասխան պահի առկայության պարագայում: Բայց դրան զուգահեռ ՔՊ-ն, որպես նախընտրական խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարեւորությամբ ու սահմանել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամություն: Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ պատրաստվում ենք նաեւ չտրվել սադրանքներին: Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ ստացել է դրա համար ժողովրդի մանդատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930