Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ նախարարի հրամանը և օրենքում փոփոխությունների նախագիծը հակասում են ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները. հայտարարություն

Սեպտեմբեր 14,2021 15:39

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորհրդի հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։

Մինչդեռ, առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։

Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում կատարել համապատասխան գրանցամատյանում։ Դրան զուգահեռ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով հիմքեր են նախատեսվում թեստի արդյունքներ չներկայացնելու դեպքում հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու համար։

Գտնում ենք, որ ԱՆ նախարարի հրամանի ընդունումը խախտում է վարչապետի կողմից կառավարության անունից ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Նշված հրամանը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հակասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 249-ի՝ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»: Անթույլատրելի է պահանջել աշխատողներից իրենց սեփականությունը հանդիսացող եկամտի զգալի մասը ծախսել հետազոտությունների վրա։ Նույնիսկ հաշվի առնելով խնդրի կարևորությունը հանրային առողջության համար՝ առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում այդ բեռը դնել աշխատողների վրա չի կարելի։

Միևնույն ժամանակ միայն աշխատողների պարբերաբար զննումը, այն էլ ընդամենը 14 օրը մեկ անգամ, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ այն պարզ պատճառով, որ մեծ թվով հանրային ծառայողների և հանրային ծառայություններ մատուցող աշխատողների աշխատանքը չի սահմանափակվում աշխատասենյակի տարածքով և միայն աշխատակիցների հետ շփումով. աշխատողները շփվում են բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, որոնց թեստավորելու խնդիր կառավարությունը չի դրել։ Այնինչ, նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղ-կոնտակտային ճանապարհներով և տարածվում է բնակչության շրջանում՝ առանց տարբերակելու աշխատողներին և չաշխատող քաղաքացիներին։ Կարծում ենք, որ աշխատողների համար բավարար կլիներ սահմանափակվել նրանց ջերմաչափելով, սոցիալական հեռավորությունը պահելու ու դիմակներ կրելու պահանջով, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր է, անցնել հեռավար աշխատանքի։

Փաստում ենք, որ կառավարությունը փորձ է անում, կպչելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը, իր հերթին, չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր։

Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել Եռակողմ հանձնաժողովում։

ՃՀՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930