Այսօր քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց անող «Ֆիզգորոդոկ» գիտական ավանի բնակիչներից մի քանիսին հրավիրվեցին քաղաքապետարան՝ քննարկման համար։
Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ բնակիչները պահանջում են դադարեցնել իրենց թաղամասում կառուցվող բազմահարկ շենքի շինարարությունը՝ հավաստիացնելով, որ այն ընթանում է անօրինականություններով: Բնակիչները նաեւ փողոց էին փակել, ինչի արդյունքում ոստիկանությունը ոմանց բռնի ուժով բերման ենթարկեց:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քաղաքապետարանի առջեւից 4 անձ բերման է ենթարկվել, 3 ժամվա ընթացքում կկազմվի արձանագրություն եւ նրանք ոստիկանության բաժնից դուրս կգան: Իսկ բերման ենթարկելու հիմք նշեցին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ բնակիչները այս շինարարության դեմ բողոքում են մեկ ամսից ավելին: Եվ չնայած, որ բողոքների արդյունքում հարուցվել է քրեական գործ, սակայն շինարարությունը չի կասեցվել: Բնակիչների խոսքով, կառուցապատողն անտեսել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ շինարարությունը կասեցնելու հրահանգը եւս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ