«Այդ հանձնաժողովն աշխատելու է բանակի դեմ, ինչպես ապրիլյան պատերազմից հետո ստեղծված հանձնաժողովը, երբ ողջ կեղտը շպրտել են բանակի վրա: Հիմա նույն բանն են անում. ուզում են մաքրվել: Չի ստացվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, ահազանգեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններում մշտապես ընդունում է, որ հայկական բանակն ուժեղ է, իսկ ՀՀ իշխանությունները, հակառակը, փորձում են կեղտ շպրտել հայկական բանակի վրա. «Մի անգամ Ալիևն ասաց, որ եթե Թուրքիան և Պակիստանը մեզ չօգնեին, կարող է ավելի շատ պրոբլեմներ ու ավելի շատ զոհեր ունենայինք: Երկրորդ անգամ իրենց շահիդներին բնակարաններ հանձնելու ժամանակ ասաց, որ Ադրբեջանի բախտը բերեց՝ ՀՀ-ն կապիտուլյացիան ստորագրեց: Եթե չստորագրեր, շատ վատ էր լինելու: Ալիևը միշտ ասում է՝ հայկական բանակն է ուժեղ, ինչ արել է, արել է ՀՀ իշխանությունը: Ինքը ասում է՝ փառք Աստծո այդ իշխանությունը կա»:
Վլադիմիր Պողոսյանը նշում է՝ Ալիևը միշտ մեզ ցույց է տալիս, որ ինքն ինչ ուզի, դա էլ կանի, բայց եթե հանկարծ ինչ-որ բան էն չի լինում կամ ՀՀ-ի կողմից դանդաղ են գնում գործընթացները, Ալիևը միանգամից տեղեկատվական արտահոսք է անում, թե ես կպատմեմ՝ ինչ ենք պայմանավորել, ու մերոնք սուսուփուս սկսում են անել:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պողոսյանը կապ է տեսնում ՀՀ իշխանությունների՝ մոսկովյան հանդիպումների, հայտարարությունների և Ադրբեջանի սահմանային գործողությունների միջև: Նա մանրամասնեց. «Մերոնք գնում են Մոսկվա, բանակցում Լավրովի հետ, հետո սահմանում ինչ-որ բան սկսվում է: Խորհրդարանում վարչապետը ելույթ է ունենում, ադրբեջանցիները ճանապարհները փակում են, վարչապետն ադրբեջանական անուններով է հայկական տեղանունները կոչում: Ամեն անգամ գնում, գալիս, հանդիպում, խոսում են, ինչ-որ բան սկսվում է: Այս դարում ուղերձներով են խոսում: Պարզ չեն ասում, այլ ուղերձ են ուղարկում, և դուք ինչ որ բան անում եք: Արդեն քրոնիկա է դառնում»:
Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ՝ Իլհամ Ալիևն իրեն՝ որպես իրենց երկրի նախագահ շատ ճիշտ է պահում: Նա շարունակեց. «Ժողովուրդն ասում է՝ նա մեր նախագահն է, տեսեք՝ ոնց է պահում իրեն: Իսկ մեր ժողովուրդը կարո՞ղ է նման բան ասել: Ամեն օր իշխանություններին էկրանին տեսնելով՝ թքում են: Տարբերությունը մեծ է: Իհարկե, Ալիևը բարձր մակարդակ ունի. երեխա ժամանակից հայր Ալիևն իր հետ աշխատել է: Վերջապես իրենից քաղաքագետ է սարքել: Բայց մեր նախագահները, վարչապետը քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում ու երբեք էլ չեն հասկացել: Ու եթե մեր ազգը հիմա աչքերը չբացի, ու այդ գործընթացը շարունակվի, ես վստահ ասում եմ՝ ՀՀ-ից բան չի մնա, մենք որպես պետություն գոյություն չենք ունենալու: Կգնաք Եվրոպա, Ռուսաստան, կամաչեք, գլուխը կախ կքայլեք, քանի որ նրանք եկել են ՀՀ-ն ոչնչացնելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ