Այն պահին, երբ Երեւանի քաղաքապետարանում տեղի էր ունենում Երեւանի ավագանու նիստը «Ֆիզգորոդոկ» կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ իրենց թաղամասում կառուցվող բազմահարկ ու բազմաբնակարան շենքի: Նրանք գտնում են, որ շինարարությունն անօրինական է:
«Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում», «Չստորադասել համայնքի շահը մասնավորին» բովանդակությամբ ցուցապաստառներով գիտավանի բնակիչները պահանջում էին կասեցնել կառուցապատումը, նրանք փակեցին քաղաքապետարանին հարակից փողոցը: Բողոքի ցույցը հսկող ոստիկանները քաղաքացիներից ոմանց բերման ենթարկեցին:
Բնակիչներին վրդովվեցրել էր, որ այսօրվա ավագանու նիստում նշվել էր, որ «Ֆիզգորոդոկում» շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են. «Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանաք այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»:
Կարդացեք նաև
Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ չնայած քննություն է ընթանում, քաղաքապետը հրահանգել է կասեցնել շինարարությունը, բայց չի կասեցվում, տարածքում ծառեր են հատվում. «Ինչո՞ւ բերման չեն ենթարկում շինարարության հեղինակին, բայց ժողովրդին լցնում ու տանում են: Պետք է նրան բերման ենթարկել՝ մինչեւ կբացահայտվեն այդ բոլոր հանցագործ հետքերը: Ինչքան էլ փորեն, ինչքան էլ թաքցնեն, չեն թաքցնի հանցագործության հետքերը: Գործի ապացույցները «բուլդոզերով» տրորում են, բայց շինարարությունը չի կասեցվում»,-ասում էին բնակիչները՝ նրանց մոտ եկած ավագանու անդամներին:
Բնակիչները պահանջում էին կասեցնել շինարարությունն ինչին ի պատասխան ավագանու անդամները նշում էին, որ կասեցնողն իրենք չեն եւ պետք է դիմեն այն ատյանին, որի լիազորությունների շրջանակում է այդ գործը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց, պետք է քննիչի պահանջը՝ շինարարությունը դադարեցնելու, բայց այդ պահանջը չկա: Ասաց նաեւ, որ իրենք կապ են հաստատել քննիչի հետ եւ ասել, որ իրավական առումով հորդորը եւ առաջարկը բավարար չեն, պետք է լինի հստակ պահանջ:
Բնակիչները նշեցին, որ քաղաքապետարանի մոտ բացակայում է իրականությունը բացահայտելու կամքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ