«Հոգեբանորեն շատ դժվար էր Արցախ մեկնելը: Երբ դու քո հայրենիքում պիտի անընդհատ սահմանապահին անձնագիր ցույց տաս՝ արդեն տպավորություն է, որ ամբողջ Լաչինի միջանցքը ռազմական դաշտի է վերածվել»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ռուս զինվորներն են մեր անվտանգության երաշխավորները և պարզ չէ, թե նրանց մանդատի 5 տարվա ժամկետն ավարտվելուց հետո ինչ կլինի:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ի տարբերություն հետընտրական Հայաստանի հուսալքված և ամեն ինչից հիասթափված բնակչության՝ Արցախում մարդիկ համատարած ապատիայի մեջ չեն: Բանախոսի փոխանցմամբ, սա բերում է այնպիսի արտագաղթի, ինչպիսին եղել է 90-ականներին: Նրա կարծիքով զարհուրելի է, որ մարդիկ պատրաստ են գումար ծախսել, որ Մեքսիկայում բերդ նստեն, միայն թե Հայաստանից դուրս կառուցեն իրենց և իրենց երեխաների ապագան:
«Ես դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ներկայացնելով Սյունիքում ստեղծված իրավիճակը, և նշել եմ, որ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Ադրբեջանցիները նույնիսկ վերահսկում են Իրանից եկող բեռնափոխադրող մեքենաների մուտքն ու ելքը, իսկ մեր իշխանությունն այս ընթացքում փորձում է մեզ սովորեցնել ադրբեջանական բառապաշարին, Որոտանն անվանում են էյվազլի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Բանախոսի պնդմամբ՝ Ադրբեջանը նոր պատերազմի չի գնալու, պարզապես այսպես քայլ առ քայլ մոտենալու է իր նպատակին. «Ադրբեջանի ՊԵԿ-ը հայտարարում է, որ իրանական մեքենաների նկատմամբ մաքսատուրք է սահմանվել, որովհետև դրանք մուտք են գործել Ադրբեջանի տարածք: Ի պատասխան սրա՝ Հայաստանի ԱԱԾ-ն ասում է՝ զբաղվում ենք, դե զբաղվեք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ