Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով:
Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը:
Խնդիրը լուծելուն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործակցող կողմերը, «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, մեկ տարի առաջ սկսել են ծրագիր իրականացնել: Գյուղում տեղակայվել է լուսադիոդային (LED) 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Արդյունքում, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ. գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու երկրորդական 3 փողոց։
Կարդացեք նաև
Աշխատանքներն իրականացվել են անկախ հանգամանքներից՝ համավարակի և պատերազմի պատճառով ստեղծված դժվար իրավիճակից: Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող նոր, էներգախնայող համակարգը շահագործվել է անմիջապես: Իսկ պաշտոնական գործարկումը հետաձգած գործընկերները հնարավորություն են ունեցել տեղում գնահատելու կարճաղբյուրցիների գոհունակությունն ու ծրագրի արդյունավետությունը:
Նորակառույց էներգախնայող համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը, Կարճաղբյուրի ղեկավար Տարոն Քոչարյան և համայնքի բնակիչները:
«Այս ծրագիրը մի քանի հարց լուծելու հնարավորություն է տալիս: Գյուղերում ենթակառուցվածքներ են զարգանում, մասամբ կրճատվում է մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը, փոխվում է բնության հարցում մարդկանց մտածողությունը. անընդհատ սպառելու փոխարեն՝ խնայելու վերաբերմունք է ձևավորվում: Եվ այդ ամենը՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ, գյուղական համայնքներում էականորեն կրճատվում է ֆինանսական բեռը: Համայնքային՝ տնտեսված միջոցներն էլ ուղղվում են գյուղական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին:
LED լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:30: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com