Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ վարչապետին ի՞նչ են արել, ի՞նչ է կերել, ի՞նչ է խմում, որ անպայման երրորդ ճանապարհ պիտի տա թուրքերին». Վլադիմիր Պողոսյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2021 13:24

«Ինչո՞ւ անպայման Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ունենան երրորդ ճանապարհ»,-Aravot.am-ի հետ զրույցում վրդովվեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով կոմունիկացիաների բացման հետ կապված վերջին շրջանի հայտարարություններին:

Նա այս առիթով հիշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պնդում է, թե դա կհանգեցնի զարգացման. «ՀՀ վարչապետն ասում է՝ մենք պիտի բացենք ճանապարհները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ աշխատի: Մենք պիտի հասկանանք, որ մեր տարածքով՝ Զանգեզուրով, որ ճանապարհ ունենան, Ադրբեջանից մտնեն Նախիջևան, դա էդ տարածքի հետ կապ չունի: Ադրբեջանը հանգիստ կարող է աշխատել Վրաստանի հետ ու նրա միջոցով մտնել Թուրքիա: Վրաստանը մեր՝ ՀՀ-ի միջոցով կարող է մտնել Իրան, Իրանից Վրաստան, Աստանայի կողմից կարող են Իրանի միջոցով մտնել Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա: Մենք ո՞ւմ ենք խանգարում: Ու դուք մեզ ուզում եք ապացուցել, որ մենք կզարգանա՞նք: Դա մաքուր թուրք-ադրբեջանական պրոյեկտ է: Այստեղ երկու պետություն էլ շահեր ունեն, որոնց անունները չեմ տալիս: Բայց մենք շահ չունենք, մեզ համար դա մահ է»:

Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ՝ մենք ազգովի պետք է ոտքի կանգնենք ու թույլ չտանք, որ այդ ճանապարհները բացեն: Չպետք է թույլ տանք, որ մեր տարածքով Ադրբեջանը մտնի Նախիջևան: Այս առիթով ասաց. «Ուզում են մտնել, թող մտնեն Իրանի միջոցով: Եթե հիշում եք՝ մի քանի օր առաջ Իրանի ԱԳՆ-ից ասացին, թե ՀՀ-ից ձեռք քաշեք, եկեք մեր միջոցով ճանապարհ բացեք: Ինչո՞ւ անպայման Հայաստանով: Ես չգիտեմ՝ վարչապետին ի՞նչ են արել, ի՞նչ է կերել, ի՞նչ է խմում, ի՞նչ է ծխում, որ անպայման երրորդ ճանապարհ պիտի տա թուրքերին: Դրանք երկու ճանապարհ արդեն ունեն մեր տարածքում: Անպայման երրո՞րդ, ինչի՞ համար: Վրաստանում զրույցներ են անում. այստեղ հարց է առաջանում՝ Վրաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: Մենք Վրաստանի ճանապարհ ունենք չէ՞, հո մենք Վրաստանով չե՞նք մտնելու Ադրբեջան: Վրաստանը կարո՞ղ է մեր միջոցով չի կարող Իրան մտնել: Ի՞նչ կապ ունի Մեղրին Վրաստանի հետ: Այսինքն՝ դրանք պայմանավորված բաներ են»:

Վլադիմիր Պողոսյանը ներկայիս իշխանություններին հիշեցնում է՝ իշխանությունը հարատև չէ ու հորդորում ուշքի գալ. «Լևոն Տեր-Պետրոսյանը, որ նախագահ էր, ինքն էլ է մտածել, որ իր իշխանությունը երկար է տևելու, չի ստացվել, չէ՞: Երբ իշխանությունը վերցրեց Ռոբիկը, մտածել է, որ երկար է իշխելու, հետո մի անգամ էլ կգա իշխանություն, բայց չի եղել, նույնը Սերժն է մտածել, որ նախագահից դառնալու է վարչապետ, բայց իշխանությունը հանձնեց Նիկոլին: Այնպես որ, փաստ է՝ իշխանությունը մի օր դուք կորցնում եք: Հետո, որ իսկական հայեր գան, էդ իշխանությունը վերցնեն, մի հատ ուզում եմ սրանց բոլորին՝ բանակից, հատուկ ծառայությունից, քննչականից մինչև վարչապետ, մի հարց տալ՝ հետո, որ դուք իշխանությունը կորցնելու եք, ի՞նչ եք անելու: Ձեզ ո՞վ է փրկելու: Դուք ձեր ապագայի մասին չեք մտածո՞ւմ: Կարող եք մեզ հիմա ձերբակալել, սատկացնել, ինչ ուզում եք՝ անել, հա, էս պահին դուք ավելի ուժեղ եք, վաղը դեռ չգիտեք՝ ինչ է լինելու, բայց վերջապես դուք իշխանությունը կորցնելու եք: Ու դուք բոլորի պատասխանը տալու եք, էն էլ կոպիտ ձևով: Մենք ձեզ նման խեղճ չենք լինելու: Ես խիղճ չունեմ, քանի որ ես ոչ մեկին էդ հինգ հազար զոհը չեմ ներելու: Պատասխանը տալու եք: Այս իշխանությունները հիմա պետք է իրենց ապագայի մասին մտածեն, ու մենք ձեզնից չենք վախենում, ինձ համար իշխանությունը ոչինչ է՝ այսօր կա, վաղը չկա, իսկ Հայաստանը չորս հազար տարի արդեն կա ու լինելու է: Դրա համար մենք ուզում ենք ասել՝ խելքի եկեք, ուշքի եկեք, վերադարձեք Հայաստան ու մի ծառայեք թուրքերին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930