Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է որևէ նախագիծ, որը էլ ավելի է սահմանափակելու Հայաստանի անկախությունը. «Մարտական եղբայրության» հայտարարությունը

Սեպտեմբեր 14,2021 13:20

Արտաքին ուժային ճնշմամբ որոշումներ չպետք է ընդունվեն

Մարտական եղբայրությունն արձագանքում է իր մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին պաշտոնական մակարդակում պարբերաբար բարձրացվող թեմայի վերաբերյալ:

ա. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մասին օրակարգն արհեսատական է. ավելին, այս պահին այն փաստացի պարտադրվում է Հայաստանին ուժով, և Հայաստանի դեմ շարունակվող պատերազմի մասն է: Ընդ որում՝ չկա երաշխիք, որ նույնիսկ սահմանազատման իրականացման դեպքում կդադարեն թշնամական գործողությունների Հայաստանի դեմ, ինչպես, որ դրանք չդադարեցին նոյեմբերի 9-ի հռչակագրից հետո:

բ. Այն չի բխում հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա որակից, երբ հետևողականորեն շարունակվում են Հայաստանի դեմ թշնամական գործողություններն Ադրբեջանի կողմից:

Սահմանազատման պես բարդ և տևական գործընթացը կարող է հետևանք լինել խաղաղ, ոչ թշնամական փոխհարաբերությունների, այլ ոչ թե հակառակը:

գ. Կասկածներ կան, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման իրացմանը կարող են հետևել Հայաստանի անկախությունն իրավականորեն սահմանափակող նախագծեր՝ պարտադրված արտաքին ուժերի կողմից:

դ. Չնայած պաշտոնական մակարդակում ժամանակ առ ժամանակ խոսվում է սահմանազատման մասին, սակայն հանրությունը բավականաչափ չի տեղեկացվում դրա բովանդակության մասին:

Հատկապես անհասկանալի կամ լղոզված է մնում՝

  1. Սահմանազատման առնչությունը Արցախի հարցին,
  2. Նախկին Ադբեջանական ՍՍՀ ՀՀ տարածքում նախկին անկլավների խնդիրը,
  3. հաղորդակցության ուղիների ենթադրյալ վերաբացման խնդրի հետ կապը:

Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ Հայաստանի Հանրապետության դիմադրության ներուժը ջախջախված չէ, իսկ հակառակորդի հնարավորությունները ուժային ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության դեմ անսպառ չեն:

Ոչ ոք չի կարող և չպետք է մեզ պարտադրի ուժային լուծումներ, այլ հարցերը կարող են և պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Սրա հիմամբ արձանագրում ենք հետևյալը.

1.Մեզ համար անընդունելի է Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում գտնվող նախկին Ադրբեջանական ՍՍՀ նախկին անկլավների դուրս բերումը Հայաստանի Հանրապետության կազմից:

2.Անընդունելի է Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհի տրամադրումը, որն իրավականորեն կամ փաստացի դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից՝ համարելով դա ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, անկախ նրանից, թե ինչպես կկոչվի այդ ճանապարհը՝ միջանցք, ճամփա, ուղի, հաղորդակցության գիծ, թե նույնիսկ՝ բարեկամության արահետ:

3.Անընդունելի է որևէ գործընթաց, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:

4.Անընդունելի է որևէ նախագիծ, որն էլ ավելի է սահմանափակելու Հայաստանի անկախությունը:

5.Միաժամանակ արձանագրում ենք, որ մենք դեմ չենք տարածաշրջանում խնդիրների կարգավորման, հաղորդակցությունների վերաբացման գործընթացներին՝ պայմանով, որ դրանք չեն խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և չեն խոչընդոտելու Արցախի խնդրի շուրջ բանակցությունների շարունակությանը:

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ ուժերին, անհատներին, կազմակերպություններին հայտնել իրենց հստակ դիրքորոշումներն այս խնդիրների վերաբերյալ՝ դնելով դրանք հանրային քննարկման:

«Մարտական եղբայրություն»

միաբանության նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930