Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ուղիղ ոտնձգություն է պետության եւ համայնքի նկատմամբ. Արման Անտոնյանը ներկա էր ավագանու նիստին

Սեպտեմբեր 14,2021 13:07

«Ուզում եմ մեծ ուրախությամբ բոլորիս ասել, որ Երեւանի ավագանու անդամ, մեր գործընկեր Արման Անտոնյանը վերադարձել է շարք եւ արդեն այսօր մասնակցում է ավագանու նիստին»,-այս մասին այսօր ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ձայնի իրավունք տալով Արման Անտոնյանին:

«Ինչ պետք է ասի վերածնված մի մարդ, որը կյանքի ու մահվան կռվում Աստծո հրաշքով եւ կամքով հաղթահարեց դաժան կռիվն ու օր-օրի սկսեց ապաքինվել: Ապաքինվել օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 1-ին դիմակավոր թուրք բաշիբոզուկների կողմից իմ նկատմամբ մահափորձից: Ինձ երկար հետեւելով, ապա գիշերը ներխուժելով տուն, վնասելով նաեւ իմ ընտանիքի անդամներին, քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներից հիմնականում գլխիս, ապա դանակի ավելի քան 11 հարվածների վիրավորումներից: Թուրք բաշիբոզուկների կողմից կյանք խլելու մի գործողություն, որը հարիր է միայն մեր թշնամի ազգին»,-ասաց պարոն Անտոնյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը մի քանի դիմակավորված անձինք մահակներով եւ դանակներով ներխուժել էին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին, նրան էլ դանակահարել։

Նրա խոսքով, Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, ուղիղ ոտնձգություն է պետության եւ համայնքի նկատմամբ. «Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը այս դահլիճում կամ այս շենքում, որը, ընդամենը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները նաեւ իր խղճի առաջ: Այո, ես բազմիցս բարձրաձայնել եմ նաեւ այս ամբիոնից, որ Երեւանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը, եւ որպես Երեւանի ավագանու անդամ, ես կամ պետք է աչք փակեի այդ ամենի նկատմամբ, ինչը բացառվում է իմ պարագայում, կամ էլ միջոցներ ձեռնարկեի այդ ամենը շտկելու, ճիշտ հունի վրա դնելու եւ շարժվելու առաջ: Ինչը ի շահ Երեւան քաղաքի արվեց նաեւ մահափորձից առաջ՝ հուլիսի 24-ին Երեւանի ավագանու նիստին նախագծի տեսքով: Զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից ընդամենը 2 օր հետո այդ թուրք բաշիբոզուկների կողմից մահափորձով ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց ու հաստատվեցին իմ կողմից բարձրացված խնդիրները»:

Արման Անտոնյանի խոսքով, դատախազությունը բավական գործ ունի անելու նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներսում:
«Ցավալին այն է, որ այդ խնդիրների հեղինակները դեռ շարունակում են աշխատել այս շենքում մեզ հետ միասին: Նաեւ նրանք, որոնք ցուցաբերում են տոտալ անգործություն ու անտարբերություն»:

Նա հարց ուղղեց քաղաքապետարանի աշխատակիցներին ու իր ավագանու անդամ գործընկերներին. «Արդյոք մենք արե՞լ ենք եզրահանգումներ, հետեւություններ, ամենակարեւորը ինչ ենք արել այս ամենից հետո, կամ ինչ չենք արել կանխելու հետագա ոտնձգությունները եւ ավելի վատ Երեւանի հաշվին անձնական շահերի համար մարդու կյանք խլելու փորձերը»:

Արման Անտոնյանը շնորհակալություն հայտնեց բոլորին եւ իր կյանքը փրկած բժիշկներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930