Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը (լուսանկարում), իսկ քարտուղար՝ Լեւոն Հովհաննիսյանը: Այսօր այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գալջյանը փոխարինեց Սուրեն Էյրամջյանին, որը ավագանու անդամի մանդատը վայր դնելը բացատրել էր առողջական խնդիրներով:
Քաղաքապետը նաեւ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության ցուցակով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Երեւանի ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը, համաձայն ԿԸՀ-ի օգոստոսի 16-ի համապատասխան արձանագրության, տրվել է Արտաշես Ջավադյանին: Սակայն նա նույնպես լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հետեւաբար ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Խաչատրյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ