ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ
Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցով Երևանում գտնվող իմ գործընկեր՝ Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկին։
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր կարողացանք վերահաստատել, որ պետք է ջանքեր գործադրենք՝ այդ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար։
Սա, առաջին հերթին, վերաբերում է քաղաքական երկխոսությանը․ մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, որը վերաբերում է ինչպես մեր երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարաբերություններին, մեր համագործակցությանը տարատեսակ միջազգային հարթակներում և այդ հարթակներում միմյանց ցուցաբերվող աջակցությանը։
Կարդացեք նաև
Մենք խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, այս առումով առկա դեռևս չիրացված հսկայական ներուժի մասին։ Մասնավորապես` անելիքներ և միասնական ջանքեր ունենք գործադրելու, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացնենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման, ինչպես նաև մշակույթի և գիտության ուղղություններով: Նախանշել ենք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով:
Ես մեր՝ Հայաստանի Հանրապետության երախտագիտությունն եմ հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համավարակի ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այնպես էլ՝ արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար․ և սա վերաբերում է և՛ գործադիր իշխանության դիրքորոշմանը, և՛ Սլովակիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին:
Բնականաբար, հանգամանալից կերպով անդրադարձ ենք կատարել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել ենք Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործությունների մասին: Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման, մասնավորապես՝ առաջին հերթին, հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու մասին:
Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածության և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին։ Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Այսքանը այս պահի համար: Համեցեք, պարոն նախարար:
ՀՀ ԱԳՆ