Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչուկը Երևանում է։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո երկու նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
«Մենք այսօր կարողացանք վերահաստատել, որ պիտի գործադրենք մեր ջանքերը, որ այդ (Հայաստանի և Սլովակիայի, խմբ.) հարաբերությունները էլ ավելի սերտանան։ Առաջին հերթին՝ քաղաքական երկխոսությունը, մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, և այս երկխոսությունը վերաբերվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին, մեր համագործակցությանը տարատեսակ միջազգային հարթակներում և միմյանց ցուցաբերումը այդ հարթակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև տարածաշրջանի իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին և հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։
«Ես այստեղ եկա վերահաստատելու Հայաստանի և Սլովակիայի միջև աճող դինամիկան, մենք կարիք ունենք այն ինտենսիվացնել։ Իմ դոկտրինը՝ լավ հարաբերություններ ունենալն է և լավագույնս մեր երկրների ներուժից օգտվելն է։ Կասկած չկա, որ այդօրինակ ներուժ գոյություն ունի Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես՝ տնտեսական ուղղությամբ»,- ասաց Իվան Կորչուկը։
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ սլովակյան ընկերություններից մեկը բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման մեջ իր մասնակցությունը ունենալու համար, և կան համագործակցության շատ այլ հնարավորություններ։ Նախարարը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Սլովակիա՝ խոստանալով, որ իրենք կվերադառնան Հայաստան գալիք տարի։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Իվան Կորչուկը հավելեց. «Ողջունում ենք վերջերս տեղի ունեցած վստահության ամրապնդման քայլերի իրականացումը, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը և ազատումը, որոնք Ադրբեջանում էին պահվում։ Պիտի շեշտեմ, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման և վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։ Եվ նմանօրինակ պայմաններ պետք է նաև թույլ տալ ականազերծում իրականացնել՝ պաշտպանելու մարդկանց կյանքերը և կանխելու լրացուցիչ կորուստները»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ