2021թ. սեպտեմբերի 13-ին Վայոց ձորի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բացման արարողությունը, որն այսուհետ հանդես է գալու որպես տեղի բնակիչների վճռականության, միասնականության և հոգևոր արժեքների ամրապնդման խորհրդանիշ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, եկեղեցու կառուցման հովանավորներ, բարերարներ Վարդան և Սահակ Սարգսյանները, հրավիրյալ այլ բարձրաստիճան հյուրեր:
Նորակառույց եկեղեցու օծման կարգը կատարվեց Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ, ով բնակիչներին և բարերարներին փոխանցեց նաև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Կարդացեք նաև
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացրեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցման պատմությունը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել սեփական եկեղեցի ունենալու գաղափարը իրականություն դարձնելու ճանապարհին:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բարերարներին ուղղված շնորհակալանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, նշելով, որ հայ ժողովրդի պատմության մեջ Եկեղեցուն վերապահված է կարևորագույն առաքելություն,- «Այն մեր ապավենն է, մեզ համախմբող և առաջ մղող հոգևոր ուժը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը հաղթել է զենքով ու հավատով, զենքով և հավատով էլ պետք է շարունակենք մեր ճանապարհը մինչ նոր հաղթանակներ»:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր ժողովրդական երգիչներ Աղասի Իսպիրյանի և Գոհար Հովհաննիսյանի, ինչպես նաև համայնքի շնորհալի երեխաների գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով:
Նշենք, որ Ռինդ բնակավայրի եկեղեցու կառուցումը սկսվել է դեռևս 2014թ-ից՝ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և տեղի բնակչության նախաձեռնությամբ: Այնուհետև գյուղացիների ոգևորվածությանն արձագանքել են ռուսաստանաբնակ գործարար՝ ծնունդով Ռինդ գյուղից Վարդան Սարգսյանը և տեղացի գործարար Սահակ Սարգսյանը, որոնց ջանքերի շնորհիվ էլ Ռինդ բնակավայրի հոգևոր կենտրոնն այսօր իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի առջև:
Վայոց ձորի մարզպետարան