«Դուք ժամանակին, երբ ես փաստաբան էի, իսկ դուք դեռեւս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար չէիք, ջանասիրաբար պաշտպանում էիք 300.1 հոդվածը, որում մեղադրվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ որը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, քրեական հետապնդումն էլ դադարեցվեց։ Դուք ասում էիք, թե դա չափազանց հստակ հոդված է։ Պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ այդ հոդվածն ապօրինի էր եւ ներողություն խնդրելո՞ւ եք այն պաշտպանելու համար»,-ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի նախկին անդամ Արամ Վարդեւանյանը։
Ջհանգիրյանը նախ նշեց, որ այդ հոդվածի մասին արտահայտվել է այն ժամանակ, երբ եղել է անկախ իրավաբան, պաշտոն չի ունեցել․ «Դա իմ մասնագիտական տեսակետն էր, որը մինչեւ հիմա չի փոխվել։ Ոչ այս կողմից, ոչ էլ այն կողմից ես կողմ չեմ ՍԴ-ի այդ որոշմանը։ Իսկ թե ինչու հիմա չեմ արտահայտվում, որովհետեւ ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնները։ Հիշեցնեմ, որ այդ հոդվածը վերախմբագրվել է 2009թ․-ին, որպեսզի կարողանային «յոթի» գործով մեղադրվող իմ այն ժամանակվա քաղբանտարկյալ ընկերների մեղադրանքները բաժանել եւ մեղադրանքից դուրս բերել իշխանությունը զավթելը եւ մահերը՝ որպես զանգվածային անկարգությունների հետեւանքները»։
Արամ Վարդեւանյանը նաեւ շեշտեց՝ տեւական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ն առգրավել է դատական գործերի մակագրման համակարգը գործարկող համակարգիչը, եւ դատավորները ձեռքով են մակագրումներ անում։ Գագիկ Ջհանգիրյանն այս առիթով ասաց․ «Մենք դժգոհություններ ենք ստացել, որ այդ համակարգը դատավորների ծանրաբեռնվածության տեսանկյունից անարդարության է հանգեցնում։ Կան սիրելի դատավորներ, որոնց դատարանների նախագահները կարճաժամկետ արձակուրդ են ուղարկում՝ մակագրումների հոսքի ժամանակ։ Նման դժգոհությունները համատարած են եղել։ Մակագրումների համակարգն առգրավվել է քրեական գործի շրջանակում։ Ես չեմ հորինել այն, որ ձեռքով է հիմա մակագրվում, դա ես չեմ որոշել, դա դատական օրենսգիրքն է սահմանում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ