Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։
Կարճ ժամանակ անց հանկարծ պարզվեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ճանապարհով անցնող իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերն է ստուգում, ավելին՝ գումար են գանձում։ Ուստի չպետք է բացառել, որ շուտով այդ տեղանքում հայտնվի նաև ադրբեջանական մաքսակետ, և նրանք սկսեն ճանապարհով անցնող իրանական մեքենաներից ուղղակի հարկեր պահանջել (թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ այս ենթադրությունը ամենևին իրականությունից հեռու չէր)։ Որոշ ժամանակ հետո էլ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են հայկական մեքենաները ստուգել, տարանցիկ հարկեր պահանջել կամ էլ կրկին փակել ճանապարհը։ Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել։
Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։ Այդ ժամանակ Իրանից դեպի Հայաստան, Հայաստանից ու Վրաստանից Իրան բեռնափոխադրում կատարողները ուղղակի կարող են իրենց ապրանքները տեղափոխելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել և հաղորդակցության ուղիների ոչ ապահով լինելու պատճառով փորձել շրջանցել Հայաստանը։ Այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը։ Չհաշված, որ ադրբեջանական սադրանքների արդյունքում Սյունիքում բնակվող քաղաքացիները չեն կարողանա տեղաշարժվել մեկ համայնքից մյուսը։ Նկատի ունենանք, որ երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, մի շարք համայնքներում անգամ սննդամթերքի ապահովման խնդիր էր առաջացել։
Իսկ Փաշինյանը նորից կարող է առաջարկել երթևեկել գրունտային ճանապարհով, եթե այդ քանդված ճանապարհը որևէ կերպ կարելի է սոսկ գրունտային անվանել։ Սրա համա՞ր է ժողովուրդը Փաշինյանին մանդատ տվել, որ երկիրը ցանկացած պահի կաթվածահար արվի՞, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու ու իրավական գործիքներով քաղաքական հետապնդումների ենթարկելու համար էր։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։