«Որտեղի՞ց ձեզ այնքան գումար, որ Երեւանի հայտնի թաղամասերից մեկում կառուցել եք հսկա առանձնատուն եւ որի գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք: Ձեր ասած այդ գոմում հիմա ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզանից գոմ են վարձակալել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Նախ, վարձակալել են իմ տղայից, ոչ թե ինձանից։ Դա իմ տղայի տունն է։ Ես մանրամասն պատասխանել եմ այդ հարցին։ ԱԺ շենքը գտնվում է իմ նախկին տան դիմաց, որը ես 2003թ․ վաճառել եմ։ Այն կառուցել եմ 89թ․-ին, երբ եղել եմ ԳԱԱ ինստիտուտներից մեկի գիտաշխատող։ Դավիթաշենում ստացել եմ բնակարան եւ վաճառել թիֆլիսահայ ընտանիքի։ Այդ գումարով քանդել ենք մեր հին՝ մեկ հարկանի շենքը եւ 89թ․ կառուցել այդ եռահարկ շենքը։ Այն 2003թ․ վաճառել ենք եւ հորս օգնությամբ կառուցել այն, ինչը դուք նկատի ունեք։ Գիտե՞ք ինչու գոմ անվանեցի։ Որովհետեւ ապարանքներ են մեր հարեւանությամբ։ Ւմ տունը շատ համեստ է՝ դրանց համեմատությամբ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ նման վատ պայմաններում են բնակվում։ Ավելին՝ Երեւանում իմ տան հարցը քննարկվել է առաջին նախագահի ժամանակ, եւ հարցը փակվել է, որովհետեւ ես պետական ծառայության էի անցել այն ժամանակ, երբ այդ տունն արդեն կար»։
Ապա Արեգնազ Մանուկյանը ցույց տվեց Գագիկ Ջհանգիրյանի տան լուսանկարը՝ ասելով, որ այն ամենեւին գոմ չէ, այլ հսկա առանձնատուն։
Մանուկյանը նաեւ նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Ջհանգիրյանին «նախորդ իշխանությունների հաճախորդ» էր անվանում։ «Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, դա մեր անձնական հարցն է»,-արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ